Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2016թ. ընթացքում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 104 քրեական գործ

00:05, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
2016թ. ընթացքում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 104 քրեական գործ

Հայաստանում 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած ընդլայնված նիստում նշել է Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը։

Նրա խոսքով, 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: 2 քրեական գործ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է, 6-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, 21-ը փոխանցվել է 2015 թվական:

2014թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 4-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են:

2015թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 106 քրեական գործ, որոնցից՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 68 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ:

2015թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 104 քրեական գործ:

3985 | 0
Facebook