Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը. ի՞նչ մտածել նրանց մասին. «Առավոտ»

11:35, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը. ի՞նչ մտածել նրանց մասին. «Առավոտ»
     «Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քաղաքական և հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարևանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարևանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի և նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձւեով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին: Եթե որևէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսևորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա: Որովհետև շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»: (Ասելով «շուկայական հարաբերություններ»՝ նկատի ունեմ նաեւ 70-80-ականների Սովետը, որի ժամանակ հարաբերությունները նույնպես շուկայական էին, բայց դրանք թեթեւակի քողարկված էին «համաժողովրդական սեփականության» մասին խոսակցությունների մշուշով): Խնդիրը, հետևաբար, արդարության մեջ չէ, որովհետև այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում են Ազատության պողոտայի աջ կողմով և տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում, ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն: Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետև նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի: Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա: Խնդիրը, հետևաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը և, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, և երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է: Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի և գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած»:
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
8899 | 3
Facebook