«Գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ջուր, թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել, ջրպետկոմը պետք է պատասխանի»․ Գ․ Նանյան
18:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ (առաջին անգամ 2008-ին, երկրորդ անգամ՝ 2012-ին) այս տարի նույնպես փորձ է արվում խախտել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որտեղ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչև 170 միլիոն խմ: Այսպես. Հայաստանում գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում այսօր կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ջուր: Իսկ թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել, Ջրային պետական կոմիտեն դեռ պետք է հարցին պատասխանի... Թե ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները մեր երկրում, հայտնի է. մասնագետների պնդմամբ, որպեսզի մենք հասնենք ջրային ռեսուրսների այսպես կոչված՝ բանական օգտագործմանը և լիարժեք պահպանության գաղափարին, ապա ամբողջովին պետք է վերանայենք կառավարման սկզբունքները։ Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում» (առանց Սևանա լճի), որից միայն կարողանում ենք կուտակել միայն 1 միլիարդ խմ-ը, իսկ մնացածը մակերևութային գետերով հոսում են հանրապետությունից դուրս։ Բազմիցս է խոսվել, որ անհրաժեշտ է ամբարել այդ ջրերի գոնե 50 տոկոսը, որի դեպքում Հայաստանը զերծ կմնա անապատացումից, և որքան էլ ջրային ռեսուրսների կառավարման մարմինը ահազանգի, թե երկրում երաշտ է, միևնույն է՝ դա երկրին և գյուղատնտեսությանը չի սպառնա: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների՝ ընդհանուր ջրօգտագործման ծավալը Հայաստանում տարեկան կազմում է 409 մլն խմ, որի գերակշիռ մասը վերաբերում է ստորերկրյա ջրային ռեսուրսներին՝ տարեկան 378 մլն խմ, իսկ 31 մլն խմ-ն՝ մակերևութային ջրերին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ամեն անգամ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ջրային պետական կոմիտեն «խնդրում» Սևանից ավելի ջուր խլելու մասին, այն դեպքում, երբ մինչև հողօգտագործողին հասնելը ոռոգման ջուրը ճանապարհին կորուստ է ունենում առնվազն 30-40 %: Ոլորտի մասնագետները դժգոհում են, որ այդքան գումարներ են ներդրվում երկրի ոռոգման ցանցը կարգի բերելու համար, սակայն կորուստները չեն նվազում։ Եվ ամեն գարնան գալուն պես՝ կոմիտեն պետք է ոչ թե իր հույսը դնի Սևանի վրա` փորձելով ավելացնել լճից ոռոգման համար նախատեսվող ջրի ծավալները, այլև ամեն ինչ անի լուծելու առկա ջրի կարուստների հարցը: Հ.Գ. Այսօր ՀՀ կադաստրում գանցված է 208 հա հազար ոռոգելի հող, որն ապահովում է գյուղատնտեսության գյուղմթերքի արտադրության հիմնական` 80 տոկոսը: Իսկ այդ չափաքանակի միայն 130 հազար հա-ն է ոռոգման ջրով սպասարկվում ՋՕԸ-ի կողմից: |
Աղբյուրը` Գալուստ Նանյան (Ֆեյսբուք)
6524 | 0