Հունիսի 25-ից 30-ն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը»: Անդրանիկ փառատոնի շրջանակներում կլինեն երևանյան պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»:
«Ալ. Հարությունյանի անվան» փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:
Փառատոնի միջոցով ցանկանում ենք մեր երախտիքի ու հարգանքի խոսքն ուղղել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին՝ նոր շունչ և երանգներ հաղորդելով նրա հայտնի ու դեռևս չկատարված աշխատանքներին:
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ:
Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից: