Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ավելո՞րդ է ԱՄՆ-ի խոստացած 8 մլրդ դոլարը. ո՞րն է խաղի հմայքը. վարչապետը գիտի, բայց ոչինչ չի ասի. «Իրատես»

09:55, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավելո՞րդ է ԱՄՆ-ի խոստացած 8 մլրդ դոլարը. ո՞րն է խաղի հմայքը. վարչապետը գիտի, բայց ոչինչ չի ասի. «Իրատես»

«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդի ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար: Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ: Ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ:

Ինչ համառ են ԱՄՆ-ի դեսպանները: Նախորդը աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ու էներգետիկ կախվածությունից: Համառ են, որովհետև թիկունքում ԱՄՆ ունեն: ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, քաղաքականությունը չի փոխվում: Գերտերությունն ունի գերակայություններ ու հավատարիմ է իր քաղաքականությանը: Գերտերություն լինելն առավելություն է տալիս չնկատելու տեղական իշխանության դիմադրությունը: Ռիչարդ Միլզը դա կարող է իրեն թույլ տալ և առաջ տանել իր ծրագիրը: Նա մեծահոգի է: Եվ համբերատար:

Ոչինչ, որ վարկերի հաշվին ապրող Հայաստանը գործնականում 8 միլիարդ դոլարի ներդրումը համարում է ավելորդ, ոչինչ, որ հերթով մերժում է տնտեսության զարգացման համար շահեկան, բայց «վտանգավոր» քաղաքական առաջարկները՝ միայն մնա կայուն ու ապահով: Ռիչարդ Միլզը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան: Հունիսի 1-ին կառավարությանն է ներկայացվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ մշակած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որ 3-4 տարիների ընթացքում ազատականացում է նախատեսում:

Իսկ «Գազպրո՞մը»: Իմաստ չուներ, որ Վաշինգտոնը Երևանին առաջարկեր մի ծրագիր, որը մերժելու էր Մոսկվան: Դեսպանի հայտարարության հիմքում կարող է լինել ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործակցություն՝ տարածաշրջանային կտրվածքով, որ հեռանկարում լուծելու է նաև քաղաքական ու տարածաշրջանային տնտեսական խնդիրներ: Իհարկե, ԱՄՆ-ՌԴ ներկա լարված հարաբերությունների համապատկերում դա հնչում է արտառոց ու անհնար: Պատժամիջոցներ, հակասություններ Սիրիայում, Կոնգրեսի հանձնաժողովներում հետաքննություններ ու հակառուսական ելույթներ, դեմոկրատների դեմարշներ հանրապետականների ու Դոնալդ Թրամփի դեմ և ինչ-որ ծրագիր Հայաստանում, որին առնչվում է Իրանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չեն ստացվում, Վրաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները չեն ստացվում, Թուրքիան, որի հետ ոչ մեկի հարաբերությունները չեն ստացվում:

Բայց հենց դա է խաղի հմայքը և դիվանագիտական այսբերգի իրական հատվածը: Իսկ գուցե` ոչ: Ո՞վ գիտի: Գուցե միայն Կարեն Կարապետյանը, որ ընդունել է և՛ Ռիչարդ Միլզին, և՛ Ալեքսեյ Միլլերին, և՛ Թբիլիսի է գնացել, և՛ խոստանում էր Թեհրան գնալ, բայց նա ոչինչ չի ասի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5242 | 4
Facebook