Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զավեն Կարապետյանը վարել է թափառական կյանք, բանակում երբևէ չի ծառայել. ոստիկանություն

15:40, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Զավեն Կարապետյանը վարել է թափառական կյանք, բանակում երբևէ չի ծառայել. ոստիկանություն

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
     ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված` 16․11․1974թ. ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ Զ․ Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978թ. Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982թ. և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։
     1994թ. աշնանը Զ.Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։
     Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004թ. հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել է անձնագիր։
     Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։
     Զ․ Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։
     Զ․ Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

5074 | 5
Facebook