Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը». Արայիկ Հարությունյան

16:15, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը». Արայիկ Հարությունյան
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
     «Հարգելի՛ պարոն Մարգարյան, այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով և «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի» 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանած կարգով քաղաքացիական նախաձեռնությունը հունվար ամսին 8932 (ութ հազար ինը հարյուր երեսուներկու) ստորագրություն է ներկայացրել ավագանուն՝ «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու» հարցով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ Ձեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու սույն նախաձեռնության կողմից բարձրացված հարցը չի քննարկվել ավագանիում սահմանված ժամկետներում, երբ է այն ներկայացվելու ավագանու նիստում և ինչ փուլում է գտնվում տվյալ հարցի քննարկումը»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է:
5467 | 0
Facebook