Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանությունը վախենում է պատերազմից, որովհետև մտածում է՝ եթե զենք տա ժողովրդին թշնամու դեմ կռվելու, վաղն էդ զենքն ո՞ւմ դեմ կուղղվի». Արա Պապյան

16:05, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Իշխանությունը վախենում է պատերազմից, որովհետև մտածում է՝ եթե զենք տա ժողովրդին թշնամու դեմ կռվելու, վաղն էդ զենքն ո՞ւմ դեմ կուղղվի». Արա Պապյան

MAMUL.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
    
     - Պարոն Պապյան, Ադրբեջանի շարունակական հարվածներն ինչի մասին են վկայում: Արդյոք դրանով ցույց են տալիս, որ իրենք ուժե՞ղ են, թե՞ միգուցե, որ մենք ենք խոցելի:


     - Ես կարծում եմ, մի քանի հանգամանք պիտի նկատի ունենանք, թե ինչու է հակառակորդի վարքագիծը փոխվել: Դա սկսվել է մի քանի տարի առաջ, հիմնականում ռուսական և իսրայելական զենքերի գնումների ժամանակներից: Այսինքն` երբ որ իրենք իրենց զգում են ուժեղ կամ ավելի ուժեղ, բնականաբար, վարքագիծը փոխվում է` գումարած նաև հոգեբանական մի շատ կարևոր գործոն, որի մասին անցյալ տարի ես և շատ ուրիշներ նշում էինք: Դա այն է, որ Ադրբեջանը համարում է, որ ինքն ապրիլյան պատերազմում հաղթել է` սկսել է պատերազմ և տարածք է ազատագրել: Եվ եթե մենք ասում էինք, որ հարցը նույնիսկ այդ 800 հեկտարը չի կամ` ոչ միայն 800 հեկտարն է, այլ այն, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ ինքն ամեն անգամ սկսելով պատերազմական գործողություն, միշտ տանուլ է տալիս: Իհարկե, մենք դա չարեցինք, ինչո՞ւ չարեցինք` չուզեցի՞նք, թե՞ չկարողացանք, դա ուրիշ հարց է: Կամ ինչպես որոշ դասականներ ասացին, որ դա անպետք տարածք էր... Բայց շատ կարևոր հարց լուծեց Ադրբեջանն իր համար` պարտվողի հոգեբանությունից դուրս եկավ և դարձավ հաղթողի հոգեբանությամբ և հիմա նա այդ հոգեբանությամբ ու անպատժելիության զգացողությունով խփում է և ինչ ունի մտքին` ասում է, հատկապես, երբ չի ստանում համարժեք պատասխան: Մենք անգամ լսում էինք հայկական կողմից համարժեքության պատրաստակամության մասին, բայց մենք դարձյալ ոչինչ չենք անում:


     - Այս անգամ «անհամարժեք» պատասխանի մասին նույնիսկ խոսք գնաց...


     - Եթե հիշում եք, երբ մի քանի տարի առաջ մեր ուղղաթիռը խփեցին, մերոնք ասում էին` դե´ կտեսնեք, թե ինչ կանենք, պատասխանն անհամարժեք է լինելու և այլն: Քանի՞ ադրբեջանական ուղղաթիռ խփեցինք․ ոչ մի՝ վերջացավ գնաց: Առավել ևս, երբ մարդկային կորուստն ադրբեջանական ղեկավարության համար կարևոր չէ, որովհետև զոհվողների մեծամասնությունը թուրքեր չեն, լեզգիներ են, թալիշներ են և այլն: Այսինքն` նրանց ուղարկում են, որ հայերին սպանեն, ինչը իրենց համար օգուտ է: Ինչքան շատ հայ սպանեն, այնքան լավ, հատկապես, երբ որ մեր հասարակությունը ցավագին է դա տանում: Եվ քանի որ տեսնում են ցավագին են տանում, նրանք ավելի են ոգևորվում և ավելի շատ են սպանում: Եթե մերոնք էլ ի պատասխան սպանում են նրանց զինվորականներին, էլի իրենց համար լավ է, որովհետև, իրենց մեջի չուզողներին են սպանում հիմնականում, էթնիկ փոքրամասնություններին, որով լուծում են նրանց ֆիզիկական թվի կրճատման հարցը և հայերի և այդ ժողովուրդների միջև հնարավոր համերաշխության վրա մեծ սեպ են խրում: Ուստի, համարժեք պատասխանը` Ադրբեջանի տնտեսական կենսունակությանը վնասելն է: Այսինքն` այն, ինչ որ ալիևների և փաշաևների գրպանին է խփում, որովհետև իրենց համար իրենց գրպանն ավելի կարևոր է, քան իրենց զինյալ զինվորների կյանքը:


     - Արկադի Տեր-Թադևոսյանը վերջերս նման հայտարարություն արեց իր հարցազրույցներից մեկում` ասելով, որ մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, որ պետք է խփենք: Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այս անգամ նման քայլի կգնանք:


     - Այո ես կարդացել եմ այդ հարցազրույցը և ոչ մի բան էլ հնարավոր չեմ համարում: Ասեմ Ձեզ հետևյալը` Ալիևը վախենում է սկսել լայնածավալ պատերազմ, որովհետև չգիտի պատերազմի ավարտն ինչ կլինի և նման իրավիճակում հոգեբանական փոփոխություն է տեղի ունենում ժողովուրդների միջև: Եվ ինքն իր նախորդերի ճակատագրից դաս է քաղել. բոլորն էլ իրենց իշխանությունից գցել են պատերազմի հետևանքով: Այդպիսի վախ ունեն նաև մեր իշխանությունները: Նրանք էլ չեն ուզում գնալ դրան, որովհետև նույն ձև վախենում են իշխանությունը կորցնելուց, որովհետև պատերազմի ժամանակ տեղի է ունենում հոգեբանական, մարդկային և այլն մոբիլիզացիա:


     - Նաև մեծ գումարներ պետք է ներդրվեն, այնպես չէ՞:


     - Հարցը միայն գումար ներդնելը չէ, դա անպայման պետք է ներդնեն, սակայն եթե իրենք եղած գումարն էլ ճիշտ ծախսեին, քանի որ անհեթեթ ծախսեր են կատարվում հաճախ, բայց այստեղ միայն գումարի խնդիրը չէ: Իշխանությունը չի վստահում ժողովրդին, որովհետև ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Իշխանությունը պատերազմից վախենում է երկու առումով, մեկը` երբ որ զենք տա ժողովրդին թշնամու դեմ կռվելու` ինքը չգիտի` վաղն էդ զենքն ում դեմ կուղղվի, որովհետև փոխադարձ անվստահություն է: Եթե ընտրություննրով օրինական իշխանափոխություն հնարավոր չի լինում, որոշ մարդիկ այլ միջոցների են գնում` այդ թվում նաև զինված ապստամբության:
     Մյուսը հետևյալն է` հաղթող ժողովրդի պատերազմը շատ վտանգավոր է ցանկացած իշխանության համար: Ժողովուրդը հաղթեց` չի հանդուրժելու իշխանությանը, որը կոռումպացված է, ապիկար է, ապաշնորհ է և այլն: Պարտվեց` էլի չի հանդուրժելու, որովհետև նրան է մեղավոր համարելու: Հետևաբար, ցանկացած պատերազմ իշխանությանը ձեռք չի տալու: Եվ դա է պատճառը, որ մենք համարժեք գործողությունների չենք դիմում: Իշխանութունը վախենում է պատերազմից ոչ թե նրա համար, որ արդյունքում մարդիկ կզոհվեն, ես դրան չեմ հավատում (եթե մտածեր, ինքը նույն զոհվածների մասին էլ կմտածեր), պարզապես, հասկանում է, որ երկու տարբերակներում էլ ինքը կորցնելու է: Եվ հիմնական խաղաղության գործոնն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ուզում են պահպանել իրենց իշխանությունը:

6531 | 0
Facebook