Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Համանախագահների կողմից «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» ձևակերպումն էապես բան չի փոխում, որովհետև դա կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ չի եղել». Արա Պապյան

13:00, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
«Համանախագահների կողմից «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» ձևակերպումն էապես բան չի փոխում, որովհետև դա կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ չի եղել». Արա Պապյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել:
     Խոսելով, որ այցելել են Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջաններ, համանախագահներն այդ շրջաններն անվանել են «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» և ոչ թե «օկուպացված տարածքներ»: Արդյոք այդ եզրույթը լուրջ առաջընթա՞ց է մեզ համար և կարելի՞ է այն հայկական դիվանագիտական հաջողություն համարել:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ այդ եզրույթին ինքն այդքան էական նշանակություն չի տալիս, թեպետ, ըստ նրա, մեր տեսանկյունից շատ ավելի լավ է «շրջակա տարածքներ» կոչելը, քան «օկուպացված». «Բայց դա էապես բան չի փոխում, որովհետև դա կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ տեղի չի ունեցել: Այսինքն` հակամարտող կողմերի համաձայնությամբ չէ նման ձևակերպումը գործածվել` դա մեկ. երկրորդ` այն սկզբունքները, որոնք պաշտոնապես դրված են սեղանին (այդ յոթ շրջանների հանձնումը), մնում է ուժի մեջ, և Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը տվել է իր համաձայնությունը: Հետևաբար, եթե մենք նրանց մեր համաձայնությունը տվել ենք, ուստի նրանց բանավոր ասած մի հայտարարությունը ոչինչ չի փոխում»,- նկատեց քաղաքագետը` հավելելով, որ այստեղ կարևոր է հաշվի առնել նաև հոգեբանական պահը: Նրա խոսքով, համանախագահները, հնարավոր է, նախընտրել են այլ ձևակերպում` հաշվի առնելով, որ գտնվում են (իրենց պատկերացմամբ) «զենքը ձեռքներին», «անվերահսկելի» մարդկանց շրջանում, որոնք հայտնի չէ, թե ինչպիսի ռեակցիա կարող են ունենալ մի «օկուպացված» բառից:
     Արդյոք այդ եզրույթը կարո՞ղ է Ադրբեջանում մտահոգություն առաջացնել հարցին, Ա. Պապյանն ասաց. «Մտահոգություն չի առաջացնի, բայց նրանք կարող են արձագանքել, այսինքն` բողոքել: Այդ առումով ադրբեջանցիները շատ արագ են գործում, և այն, ինչ իրենց համապատասխան չէ, բողոքում են: Կարծում եմ` էլի կբողոքեն դրա շուրջ: Այն կլինի Ալիևի վարչակազմից` արտաքին հարաբերությունների ինչ-որ բաժնի վարիչի կամ նման կարգավիճակ ունեցող մարդու կողմից, թե դա անընդունելի է և այլն»:
     Արա Պապյանը նշեց, որ Ադրբեջանի վերջին պաշտոնական հայտարարություն այն էր, որ նա ընդունում է հիմնահարցի լուծումը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

6083 | 0
Facebook