Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Կենդանաբանական այգու արձագանքը՝ կենդանիների ապօրինի վաճառքի լուրերի մասին

15:05, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Կենդանաբանական այգու արձագանքը՝ կենդանիների ապօրինի վաճառքի լուրերի մասին

Վերջերս մամուլում հրապարկում էր եղել առ այն, որ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին:
     «Կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակն սկսել է նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը: Իսկ սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»,- նշված էր սույն հրապարակման մեջ:
     Թե որքանով են հավաստի կամ ոչ այդ տեղեկությունները, MAMUL.am-ի թղթակիցը հարցում ուղարկեց Կենդանաբանական այգու մամուլի ծառայությանը: Մենք խնդրել էին նաև վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե 2015-ից 2016 թվականը կենդանաբանական այգին որքա՞ն կենդանի և թռչուն է ունեցել և այսօր որքան է նրանց թիվը, որ կենդանին կամ թռչունն ինչ պատճառով է անկել և այլն:
     Ըստ մեզ տրամադրած պատասխանի` Երևանի կենդանաբանական այգում 2016-ի հունվարի դրությամբ առկա է եղել 140 տեսակի 1209 կենդանի, իսկ 2016-ի դեկտեմբերի դրությամբ` 150 տեսակի 849 կենդանի: Գրանցվել է 360 կենդանու անկում, որոնցից 268-ը ձկներ են, 20 գլուխը՝ խոտանվել են, իսկ մնացած 72-ն՝ անկել (հիմնական մասը՝ թռչուններ): 2016-ի ընթացքում այգու կենդանի հավաքածուն համալրվել է ևս 10 տեսակով (նվիրաբերություն, պահատվություն, փոխանակում): 01.06.2017-ի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է 143 տեսակի 841 կենդանի:
     2016-ի դեկտեմբեր և 2017-ի հունվար ու փետրվար ամիսներին կենդանաբանական այգում անկում է ապրել 18 տեսակի 35 առանձնյակ: «Նրանց մի մասն անկել է առողջական օբյեկտիվ պատճառներով, որոշ մասը՝ էվթանազիայի է ենթարկվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (բնության մեջ պատահում է, որ կենդանիները կռվում են իրար հետ կամ, ինչպես գիտեք, հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից. լինում է, որ վազելիս կոտրվածք են ստանում՝ շատ արյուն կորցնելով և այլն), զգալի մասը՝ պարզապես ծերությունից: Այս բոլոր դեպքերը պատշաճ կարգով ուսումնասիրվել և ակտավորվել են օրենքով պահանջվող բոլոր նորմերի պահպանմամբ: Այսինքն` խոսելով կենդանիների մասին` անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանք թանգարանային ցուցանմուշներ չեն, այլ կենդանի արարածներ, որոնք ցավոք, բայց անխուսափելիորեն մահկանացու են: Նշենք նաև, որ ցուցանիշների մասով անհանգստանալու կարիք չկա, քանի որ այգում անկման չափը էականորեն քիչ է թույլատրելի տարեկան 10%-ից և կազմում է ոչ ավելի, քան 3%»,- տեղեկացնում են այգու մամուլի ծառայությունից:
     Մենք հարց էինք ուղղել նաև մոտ մեկ ամիս առաջ Կենդանաբանական այգի ներխուժած շների մասին, որոնք հարձակվել էին կենդանիների վրա, արդյունքում երկու եղնիկ անկում էին ապրել, մի քանիսն ստացել տարբեր չափի վնասվածքներ: Հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն և ինչու տեղի ունացավ այդ միջադեպը, գրավոր պատասխանում նշված է. «Ցավոք, թափառող շների ներխուժումը կենդանաբանական այգու տարածք եզակի երևույթ չէ, քանի որ առկա են դրան նպաստող մի շարք հանգամանքներ։ Դրանցից գլխավորն այգու պարագծով ցանկապատի, պարսպի բացակայությունն է։ Քաղաքապետարանի հետ այդ հարցը քննարկվել է, նախագիծն օրակարգային է, և հաջորդ փուլով անպայման կյանքի կկոչվի: Բայց նույնիսկ աշխարհի ամենապաշտպանված կենդանաբանական այգիներն այս խնդրից չեն կարողանում լիարժեք խուսափել։ Շների առկայությունն այդ տարածքներում նաև իր օբյեկտիվ պատճառներն ունի: Այդ հողերն անկախության առաջին տարիներից բռնազավթված են եղել հարևանությամբ բնակվող քաղաքացիների կողմից։ Մեր ջանքերով, մոտ վեց տարվա համառ պայքարից հետո դրանք ազատագրվել են, սակայն հետևանքները դրանց ծավալների պատճառով, դեռևս չի հաջողվել մինչև վերջ վերացնել։ Այս նպատակով արդեն իսկ մշակվում է պարսպապատման նախագծի վերջնական տարբերակը՝ այգու հիմնադրին, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանին հանձնելու համար»:
     Կենդանաբանական մամուլի ծառայությունը նաև կմեկնաբանել է շրջանառվող լուրերը, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիներն անկել են:
     «Ես խիստ կզարմանայի, որ նման աբսուրդ ապատեղեկատվությունը կարող է արժանանալ լուրջ լրագրողի ուշադրությանը, եթե մենք չապրեինք մի իրականությունում, որտեղ ավելի աբսուրդ բաներ էլ են հնարավոր։ Իհարկե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ այգին ունի ոչ գիշատիչ կենդանիների վաճառք իրականացնելու իրավունք՝ ամրագրված օրենքով, ու վաճառք թաքցնելն ուղղակի անտրամաբանական է։ Բացի այդ՝ կենդանի վաճառելը ասեղ վաճառել չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում կարողանաս թաքցնել հանրությունից, ընդ որում՝ ներկայացնելով որպես շան կողմից հոշոտում։ Քանի որ ցանկացած լրագրող արագ արձագանքման դեպքում կարող է հենց տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի կողմից ցավում եմ, որ այս դեպքը ձեզ հետաքրքրել է մեկ ամիս անց միայն, մյուս կողմից՝ ուրախ, որովհետև մայիսի 6-ին հոշոտված եղնիկների մարմինների տեսարանը ամենադուրեկաններից չէր։ Ի դեպ, հոշոտված մարմինների մնացորդները մինչև հիմա պահվում են այգու սառցարանում»:
     Նշենք, որ MAMUL.am-ի թղթակիցն այս թեմայով զրուցել է նաև կենդանիների հարցերով զբաղվող տարբեր փորձագետների հետ:

1721 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am