Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքական ուժերը պահանջում են անհապաղ ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

14:15, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Քաղաքական ուժերը պահանջում են անհապաղ ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Քաղաքական ուժերի հայտարարությունն Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ.
     «Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքագետ և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ էլ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու և Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու: Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչված են ցույց տալ, թե ինչ հաշվեհարդար է սպասում բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերը, կփորձեն օգտվել խաղաղ անհնազանդության իրավունքից: Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը և հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին,ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից: Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ: Այդպիսի անհրաժեշտ քայլերի շարքում կարևորում ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման արդար պահանջի բավարարմանն ուղղված միջազգային ջանքերը»:

Հայտարարությունը ստորագրել են՝
     «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զ. Փոստանջյան
     «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ՝ Պ. Մակեյան
     «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ՝ Հ. Հովհաննիսյան
     «Ժառանգություն» կուսակցության նախագահ՝ Ր. Կ. Հովհաննիսյան
     «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Ա. Մարտիրոսյան
     «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ Գ. Հովսեփյան
     «Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ՝ Ա. Խաչիկյան
     «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցութան նախագահ՝ Ս. Գիմիշյան

3180 | 1
Facebook