Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրցները նորից փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ

12:20, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Արմավիրցները նորից փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կրկին փակել են Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը: «Ճիշտ է՝ երեկ եկել են, կարկուտի վնասի չափերը հաշվել, բայց գյուղացին նրանց չի հավատում, քանի որ ամեն տարի էլ նույն գործողությունն անում են, բայց փոխահատուցում չեն տալիս: Գյուղատնտեսական բոլոր ապրանքները վնասվել են, չկան… Ոչ մի բան չի մնացել: Այն հողատարածքները, որոնք համեմատաբար մոտ են Էջմիածնի կողմերին, դրանք չեն վնասվել, մնացածը հարյուր տոկոսով վնասվել է. կարկուտն ամեն ինչ սրբել-տարել է: Գյուղացիները այնքան վատ վիճակում են, որ նույնիսկ դա բնութագրել չեմ կարող: Պտղատու այգիները, ցանքատարածությունները… ամեն ինչ հարյուր տոկոսով վնասվել է: Բան չի մնացել: Մարզպետը փոխնախարարի հետ եկել է մեր համայնք. նրանք էլ են տեսել այս վիճակը»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ գյուղացիներն այսօր պահանջում են վարչապետի հետ հանդիպում:
     Հիշեցնենք, որ երեկ էլ գյուղացիները փակել էինք Էջմիածին-Արմավիր ճանապարհը՝ պահանջելով փոխհատուցել նախօրեին տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի թվով 8 համայնքներ․ հայտնի է վնասի չափը:

3971 | 3
Facebook