Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սաուդյան Արաբիան փորձում է իր մրցակիցներին ցույց տալ բոլոր հնարավոր հետևանքները, որ կարող են տեղի ունենալ իր դերակատարությունը չընդունող երկրների հետ». արաբագետ

16:22, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
«Սաուդյան Արաբիան փորձում է իր մրցակիցներին ցույց տալ բոլոր հնարավոր հետևանքները, որ կարող են տեղի ունենալ իր դերակատարությունը չընդունող երկրների հետ». արաբագետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք երկրներ՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ը, Լիբիան, Եմենը, Մալդիվներն ու Մավրիկիան, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

Արաբագետ Արմեն Պետրոսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչու հենց այս ժամանակաընթացքում խզվեցին Կատարի և հարևան ու ոչ հարևան երկրների միջև հարաբերությունները և խորքային ինչպիսի նախապատճառներ են ընկած այս ամենի հիմքում:

Ըստ մեր զրուցակցի՝ Մերձավոր Արևելքում սկիզբ առած գործընթացների պատճառը Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև մրցակցությունն էր, որի համար առիթ էր հարկավոր: «Մայիսի 20-ին տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արտագնա այցը և որպես առաջին երկիր ընտրված էր Սաուդյան Արաբիան: Եվ Էր Ռիադում տեղի ունեցած միջոցառումները` արաբական մուսուլմանական, ամերիկյան գագաթնաժողովները, ընդգծեցին Սաուդյան Արաբիայի կարևորագույն դերակատարությունն ինչպես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների առումով: Սա է ընկած ստեղծված կոնֆլիկտի հիմքում: Որպես առիթ, բնականաբար, ընտրվեց այն, թե իբր Կատարի էմիրը վիճահարույց հայտարարություններ է արել, մասնավորապես Իրանի կայունացնող գործոնը հաշվի առնելու վերաբերյալ, կամ Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալու, Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու հետ կապված: Չնայած Կատարի իշխանությունները նշում են, որ նման հայտարարություններ իրականում չեն արվել, դա հաքերային հարձակման հետևանք է, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այս իրողությունն օգտագործվում է Սաուդյան Արաբիայի և նրա տարածաշրջանի գործընկերների կողմից Կատարի մեկուսացման գործընթացը նախաձեռնելու համար»,- ասաց նա:

Ա. Պետրոսյանի խոսքով` նման կերպ Սաուդյան Արաբիան նախ փորձում է իր մրցակիցներին ցույց տալ բոլոր հնարավոր հետևանքները, որ կարող են տեղի ունենալ այն երկրների հետ, որոնք կարող են չընդունել Սաուդյան Արաբիայի նման դերակատարությունը և մյուսը այն, որ սրանով Սաուդյան իշխանությունները ցանկանում են կանխել Կատարի կողմից հնարավոր առանցքը:

Հարցին, թե որքանով է այս ամենը վտանգավոր Հայաստանի համար կամ որքանով է այն առանչվում մեր երկրի շահերին, արաբագետն ասաց, որ նման խնդիր չի տեսնում. «Մեր երկրի շահերին առնչվող գործընթաց ես այդտեղ չեմ նկատում: Պարզապես, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է այսօր ակտիվ հարաբերություններ հաստատել Պարսից ծոցի արաբական մի շատ երկրների հետ, այդ թվում և՝ Կատարի, Արաբական Էմիրություների, Քուվեյթի, և այս առումով, կարևոր է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այս տարածաշրջանում»,- նշեց Ա. Պետրոսյանը:

5721 | 0
Facebook