Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարն՝ ընդունելության քննությունների ձևաչափում փոփոխությունների մասին

13:20, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
ԿԳ նախարարն՝ ընդունելության քննությունների ձևաչափում փոփոխությունների մասին
     «Ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգն, ի վերջո, տարիների ընթացքում տվեց իր արդյունքը․ յուրաքանչյուրը գիտի, որ իր գիտելիքին համարժեք ստանալու է գնահատական»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Վերջինի դիտարկմամբ, սակայն, այստեղ կա մեկ ուրիշ խնդիր․ «Այն երեխաները, ովքեր մասնագիտական նախընտրություն ունեն առաջին հայտով ձևակերպված, հաճախ դուրս են մղվում ավելի բարձր բալ ստացած, բայց ուրիշ մասնագիտություն ընտրածների կողմից: Դրա համար նախատեսում ենք մինչև հոկտեմբեր ամիսն առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել` առաջինը կանցնեն նրանք, ովքեր առաջին հայտով իրենց նախընտրած մասնագիտությամբ համապատասխան միավոր են ստացել, և նոր միայն մյուսները կանցնեն` թափուր տեղի առկայության դեպքում»:
     Նախարարը նշեց, որ ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգում կլինի նաև երկրորդ փոփոխությունը. «Մտածում ենք երկրորդ կարևոր նորամուծության մասին, որը կապված է մի քիչ ֆինանսական ծախսերի և շենքային պայմանների ապահովման հետ: Եթե մեր թեստային կենտրոնը համապատասխան պայմաններով ապահովենք, հնարավոր է, որ տարվա մեջ երկու անգամ քննություն կազմակերպենք, որը կբեռնաթափի համակարգը: Յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկու անգամ փորձելու»,- նշեց նա:
     Հիշեցնենք՝ այսօր դիմորդները քննություն էին հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով` հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննությունների կազմակերպման նպատակով ստեղծված քննական 29 կենտրոններում քննություն է հանձնել 5191 դիմորդ:
5906 | 0
Facebook