Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական 4 պետություն խզել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները

10:35, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Արաբական 4 պետություն խզել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները

Արաբական 4 պետություն` Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:
     Հարևան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարել է Բահրեյնը: Երկրի պաշտոնական գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նման քայլը պայմանավորված է Դոհայի վարած քաղաքականության հետ, այն է` ահաբեկչության աջակցություն, Բահրեյնի թագավորության ներսում անվտանգության և կայունության խաթարում, երկրի ներքին գործերին միջամտություն, լարվածության սրում և ԶԼՄ-ների միջոցով սադրում: Բահրեյնը Կատարցի դիվանագետներին 48 ժամ է տվել երկրի տարածքը լքելու համար: Բացի այդ, պաշտոնական Մանաման դադարեցրել է օդային և ծովային հաղորդակցությունը Դոհայի հետ: Իշխանություններն արգելել են նաև երկրի քաղաքացիներին այցելել Կատար:

Բահրեյնի հայտարարությունից րոպեներ անց Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարել են նաև Էր Ռիադը, Կահիրեն և Աբու Դաբին:
     Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը ևս դադարեցրել են այդ երկրի հետ ծովային ու օդային հաղորդակցությունը:
     Արաբական Միացյալ Էմիրությունները Դոհային մեղադրել է ահաբեկչական, ծայրահեղական և աղանդավորական կազմակերպություններին հովանավորելու և աջակցելու համար:
     Սաուդյան Արաբիայի գլախավորությամբ գործող արաբական կոալիցիան իր հերթին հայտարարել է, որ Կատարի մասնակցությունը Եմենում իրականացվող ռազմական գործողություններին դադարեցվում է:
     Մեկնաբանելով արաբական երկրների որոշումը` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ պետություններին հորդորել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և վերացնել տարաձայնությունները:

14522 | 0
Facebook