Սփիններ՝ երեխաների ուրախության ու մեծահասակների դժգոհության առիթը
Վերջին շրջանում երեխաների ու դեռահասների ձեռքերի մեջ անվերջ պտվող այս խաղալիքը դարձել է մեծահասակների դժգոհությունների ու երեխաների զվարճանքի առիթը: Իր առանցքի շուրջ պտտվող խաղալիքի անունը սփիններ է, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է հոլ: Սփինների կենտրոնում գտնվում է մետաղական կամ կերամիկական առանցքակալը, որի կողքերին կան մի քանի թիանման թևիկներ: Խաղալիքը պատրաստվում է տարբեր նյութերից՝ լատունից, չժանգոտվող մետաղից, տիտանից, պղնձից, պլաստիկից: Նյութն ու դիզայնն ազդում են հոլի պտտման արագության ու տևողության, արձակած ձայնի ու տատանումների վրա: Սփիններ Սփինները գովազդում են որպես հակասթրեսային միջոց, թեև մինչ օրս գիտնականները չեն կարողացել վերջնականապես ապացուցել դրա արդյունավետությունը կամ էլ վնասակարությունը: Այնինչ խաղալիքը բնավ էլ նորույթ չէ, հայտնագործվել է 90-ականներին, թեև մինչ օրս ստույգ պարզ չէ, թե ում է պատկանում դրա արտոնագիրը: ԱՄՆ-ում ու Եվրոպայում երեխաներն սփիններներով տարվեցին 2016-ի վերջերին, իսկ մեզ մոտ՝ ամառային արձակուրդներից կարճ ժամանակ առաջ: Նշենք նաև, որ ի սկզբանե այս հոլերը գովազդվել են որպես աուտիզմով հիվանդ երեխաների ուշադրությունը կենտրոնացնող միջոց, ինչը ևս մինչ օրս գիտականորեն ապացուցված չէ: ԱՄՆ-ում դպրոցականներն այնքան են տարվել այս խաղով ու դրանով իրականացվող տարբեր հնարքներով ու մրցություններով, որ մի շարք դպրոցներում դրանք արգելվել են այն պատճառաբանությամբ, որ երեխաները շեղվում են բուն դասերից: Սակայն որոշ դպրոցներում էլ, հակառակը, երեխաների նյարդային համակարգը հանգստացնելու համար խորհուրդ են տալիս ծնողներին դիմել սփիններների օգնությանը: Սփիններների տարածվածությանը մեծապես նպաստել են համաշխարհային հեղինակավոր պարբերականները: Օրինակ, 2016-ի դեկտեմբերի 23-ին Forbes-ը գրեց հոդված, որում սփիններները անվանեց «2017-ի օֆիսային պարտադիր խաղալիք»: |