Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների հարազատները կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն

11:20, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների հարազատները կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարելու։
     «Գլխավոր դատախազության դիմաց նստացույցն ապարդյուն անցավ, հույս ունենք, որ կառավարությունը մեզ գոնե մի փոքր կաջակցի ու կօգնի մեզ ճշմարտությունը ջրի երես հանելու: Եթե հանկարծ կառավարությունն էլ նույն քաղաքականությունը վարի ինչ Գլխավոր դատախազությունը, ապա մենք մեր երեխաներին կհանձնենք իրենց, թող պահեն: Մենք էլ չենք կարողանում մեր կարիքները հոգալ, կալանավորված Սարի թաղցիներից յուրաքանչյուրն իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ, մենք՝ կանայքս չենք կարողանում մեր կարիքները հոգալ, երեխաներին սնունդով ապահովել: Շատ ծանր վիճակում ենք հայտնվել»,-ասաց Բերնեցյանը:
     Վերջինը մեկ անգամ ևս նշեց, որ իրենց պահանջը մեկն է` ազատություն Սարի թաղի կալանավորված բնակիչներին:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Սարի թաղի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

2378 | 1
Facebook