Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բացի այն, որ իմ երեխան է, ինքը նաև հայրենիքի տղան է». Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակում Կարենի մասնակցության մասին

13:45, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Բացի այն, որ իմ երեխան է, ինքը նաև հայրենիքի տղան է». Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակում Կարենի մասնակցության մասին
     Երգչուի Լիլիթ Կարապետյանը երեկ ներկայացրել է «Հայ զինվոր» նոր երգը և համահունչ տեսահոլովակը, որտեղ իր կարևոր դերակատարությունն ունի նրա որդին՝ Կարենը: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Լիլիթը պատմել է Կարենի ոգևորության և տեսահոլովակի այլ մանրամասների մասին: «Հայրենասիրական թեմայով երգ կատարելու միտքն արդեն մեկ տարուց ավել կինի, ինչ իմ մեջ հասունացել էր, պարզապես անընդհատ չէր ստացվում, ինչ-որ բան խանգարում էր: Ժամանակին երգել եմ «Դե տղերք» երգը, որ շատ սիրվել էր, շատ երկրպագուներ ուներ, ու ինչքան տղայի եմ հանդիպել, որ ծառայել են, ինձ ասել են, որ այդ երգը իրենց համար եղել է շարժիչ ուժ, իրենց մեջ զորեղ բան է արթնացրել և իրենք մեծ հաճույքով գնացել, ծառայել են և չեն զգացել՝ այդ երկու տարին ինչպես է անցել: Դրանից արդեն պատկերացրեք՝ ինչքան լավ եմ ինձ զգացել և պարտավորված եմ եղել ևս մեկ երգ ունենալ»: Լիլիթը նշեց, որ երգը նախատեսված էր ներկայացնել դեռ սեպտեմբերի 21-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է: «Խանգարող հանգամանքներ եղան, բայց կարծում եմ՝ ինքն իր ժամանակն ուներ, ու հիմա պետք է լիներ: Իմ շատ լավ ընկերոջ՝ Ռիչարդ Մադլենյանի հետ խոսեցի, երգը վերցրեցի, իմ շատ սիրելի Ավետ Բարսեղյանը հրաշալի բառեր գրեց, իսկ Վահե Հարությունյանը նկարահանեց տեսահոլովակը»:
     Տեսահոլովակում որդու մասնակցության մասին երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ում մտահղացումն է եղել Կարենին ներգրավելը: «Ցանկացած կին, ով ունի որդի, ինքնըստինքյան, ինչքան էլ երեխան փոքր է լինում, միևնույն է, մտածում է, որ իր հայրենիքի համար զինվոր է լույս աշխարհ բերել: Բացի այն, որ քո երեխան է, ինքը նաև հայրենիքի տղան է, ով պետք է ծառայի բոլոր տղաների նման, ով քո թիկունքն է: Որդիս ծնվել է հունիսի 1-ին, և միշտ կողքից ասում էին՝ երեխաների մասին երգ երգիր, որդուդ ծնունդն էլ այդ օրն է, բայց միշտ չեմ ուզել: Միշտ ցանկացել եմ, որ զինվորական երգում նա լինի: Ինքն էլ գեղեցիկ երգում է, և որոշեցի, որ ոչ միայն լինի տեսահոլովակում, այլև վերջին հատվածում ինքն էլ երգի: Չեք պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն էր նրա համար զինվորական հագուստ կրելը, զինվորների շրջապատում լինելը: Ամբողջ գիշեր չի քնել, սպասել է այդ օրվան: Սա նաև նրա սրտից եկող մի բան էր»:
Լիլիթ Կարապետանի որդին
Լիլիթ Կարապետանի որդին

     Խոսելով առաջիկա աշխատանքներից՝ երգչուհին նշեց, որ մտքում նոր նախագծեր կան: «2014-ից քիչ թե շատ գործող երգչուհի կարող եմ համարվել ու մտածում եմ էլի ինչ-որ նոր աշխատանք ներկայացնել: Ուղեղումս արդեն ինչ-որ բաներ պտտվում են: Աստված տա, որ կատարվեն»,- եզրափակեց Լիլիթ Կարապետյանը:
Լիլիթ Կարապետյան. «Հայ զինվոր»
16567 | 0
Facebook