Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փոքր ժամանակ, երբ ասում էին՝ բալետ, մտածում էի` ամոթ է». Ռուդոլֆ Խառատյանը բեմ կբարձրացնի աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված բալետը

13:45, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Փոքր ժամանակ, երբ ասում էին՝ բալետ, մտածում էի` ամոթ է». Ռուդոլֆ Խառատյանը բեմ կբարձրացնի աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված բալետը

«Դեռ մանկուց բոլորս գիտենք ու ոգևորված ենք Շառլ Ազնավուր երևույթով, ով դուրս է եկել ժամանակից և դարձել է հավերժություն իր արվեստով»:
     «Լա Բոհեմ»-ը ժամանակակից արվեստի լեզվով բացահայտում է լեգենդար շանսոնյեի բնույթը` մի անձի, ով կյանքի ու սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը:
     Բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ Ռուդոլֆ Խառատյանը Շառլ Ազնավուրի երգացանկից ընտրել է 12 հանրահայտ երգ, որի հիման վրա էլ գեղարվեստորեն կյանքի է կոչել «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը:
     «Ինձ համար շատ կարևոր էր բացի Շառլ Ազնավուրի շքեղ ներկայությունից, առաջ տանել մեր բալետային մտածելակերպն ու կատարումը: Ինձ միշտ ասում են, որ ես կոնֆլիկտային եմ, բայց եթե կոնֆլիկտ չկա, ուրեմն պրոգրես չկա»,- համոզված է բալետմայստերը: Իրեն հատուկ բծախնդրությամբ ու պատասխանատվության զգացումով էլ Ռուդոլֆ Խառատյանն ընտրել է արտիստներին. գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանն ու Տաթևիկ Գրիգորյանը:
     Ներկայացման փորձերին հեռից հետևել է նաև գլխավոր հերոսը` Շառլ Ազնավուրը: Ռուդոլֆ Խառատյանը ցանկացած երգ ընտրելուց և տեսարանները փորձելուց նրա կարծիքի հետ ևս հաշվի է նստել:

«Լա Բոհեմ» ներկայացման փորձերից
«Լա Բոհեմ» ներկայացման փորձերից

     Ժամանակակից մտածելակերպ դասականի հետ. բեմում կհայտնվեն հեծանվորդներ, հետո ակրոբատներ... բեմում փարիզյան եռուզեռն է այսօրվա մոտեցմամբ, բայց հանկարծակիությունը բեմում ներկայացված է ոչ թե շոկի մեջ դնելու հանդիսատեսին, այլ ներգրավելու այն երիտասարդին, ով վաղվա հանդիսատեսն է լինելու:
     «Այսօրվա բալետն ավելի սպորտային է, ֆիզիկական պատաստակամություն է պահանջում, և այդ ամենը ճիշտ ներկայացնելու ձևեր կան: Մենք պետք է մեր հանդիսատեսը պատրաստենք ու նա ցանկություն ունենա գալ թատրոն»: Ռուդոլֆ Խառատյանը հիշեց, որ երբ ինքը երիտասարդ էր, զզվում էր «Կարապի լճից», երբ փոքր էր, ասում էին` բալետ, մտածում էր` ամոթ է. «Հետո հասկացա ու դաստիարակվեցի: Հիմա մեր երիտասարդներին պետք է իմպուլս տալ, որ նրանք սկսեն սիրել բալետը»,- կարծում է նա:
     Մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա երկար սպասված ու նախադեպը չունեցող, Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի նաև ինքն` աշխարհահռչակ շանսոնյեն:
     «Վստահ եմ, որ այն կդառնա Օպերային թատրոնի խաղացանկի հիանալի համալրումը, ինչպես նաև կլինի մի նոր ու հմայիչ դրսևորում պարի աշխարհում»,- կարծում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
«Լա Բոհեմ» ներկայացման փորձերից
«Լա Բոհեմ» ներկայացման փորձերից

     Անի Մնացականյան

3720 | 0
Facebook