Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շինաշխատանք իրականացնողն իրավունք ունի՞ բարեկարգում անվան տակ խոչընդոտել հետիոտնի տեղաշարժը. քաղաքապետարանի պարզաբանումը

17:05, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Շինաշխատանք իրականացնողն իրավունք ունի՞ բարեկարգում անվան տակ խոչընդոտել հետիոտնի տեղաշարժը. քաղաքապետարանի պարզաբանումը

Օրեր առաջ MAMUL.am-ի թղթակիցը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին` խնդրելով պարզաբանել սույն հրապարակման մեջ բարձրացված խնդիրը, թե Տիգրան Մեծի պողոտայի հ.47/7 հասցեում շինաշխատանք իրականացնող քաղաքացին իրավունք ունի՞ բարեկարգում անվան տակ խոչընդոտել հետիոտնի տեղաշարժը մայթով` ստիպելով նրան շարժվել այն հատվածով, որտեղով ավտոմեքենաներն են երթևեկում:
     Այսօր ստացանք քաղաքապետարանի հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.47/7 հասցեում 4-րդ կարգի վթարային շենքի քանդման աշխատանքներն իրականցվում են Երևանի քաղաքապետարանի հետ 03.03.2017թ. համաձայնեցված հ.01/18-05/2-11384-118 քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծի ու 03.03.2017թ. տրված հ.01/18-11384-9 քանդման թույլտվության հիման վրա, իսկ շինարարական հրապարակը սահմանազատող ժամանակավոր ցանկապատը, որը նախատեսված է հիշյալ նախագծով, ենթակա է ապամոնտաժման քաղաքաշինական գործունեությունն այդ հատվածում ավարտելուց հետո»:
    
Նշենք, որ մեր հարցման մեջ չկար այն կետը, թե շինաշխատանք իրականացնող անձը շինթույլտվություն ունի՞, թե՞ ոչ, ի՞նչ նախագծով է այն իրականացնում և այլն:
     Մեզ, ինչպես նաև քաղաքացիներին հուզող խնդիրն այն էր, որ կառուցապատվող շինությունն անորոշ ժամանակով (բնականաբար երկար, քանի որ այնտեղ դեռ նոր-նոր փլուզման աշխատանքներ են կատարվում), շրջափակված է «Ավելի բարեկարգ Երևան» կարգախոսով ցանկապատով, ինչի պատճառով քաղաքացիներն ստիպված են ավտոմեքենաների համար նախատեսված երթևեկելի գոտուց օգտվել, ինչն անչափ ռիսկային է հատկապես երեխաներով անցորդների համար:

3461 | 0
Facebook