Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԿԳ նախարարն ու աշխատակիցները չե՞ն օգտվում իրենց կայքից, թե ամեն ինչ անգիր հիշում են». Անահիտ Բախշյան

14:30, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
«ԿԳ նախարարն ու աշխատակիցները չե՞ն օգտվում իրենց կայքից, թե ամեն ինչ անգիր հիշում են». Անահիտ Բախշյան

Արժի, որ ՀՀ վարչապետն էլ այս մասին տեղեկանա, քանի որ որպես ՀՀ վարչապետ՝ իր առաջին 6-ամսյա ծրագրում խոստացել էր ապահովել հանրակրթական հաստատությունների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այս ծրագրային խոստումն առանց ԿԳՆ-ի կայքի անխափան աշխատանքի հնարավոր չէ, իսկ ԿԳՆ կայքում շատ երկար ժամանակ դրված է ստորև մեջբերված ներողամտության հայցը, որն արդեն անտանելի է:

«ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը գտնվում է տեխնիկական փորձարկման փուլում: Ժամանակավոր տեխնիկական թերությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

Պարզել եմ, որ այս ձգձգման համար պատասխանատու է նաև ՊԱԿ-ը, որը չգիտեմ ինչ պիտի անի, որպեսզի կայքը լիարժեք գործի ու չի անում և, փաստորեն, ցանկացած վերնագրի տակ դրված փաստաթղթերի ցանկի միայն առաջին էջն է երևում, էջը թերթելու հնարավորություն չկա: Այս մասին 3 նամակ եմ գրել ԿԳՆ ֆեյսբուքյան էջին, սակայն ոչ մեկին չեն պատասխանել ու ստիպված հրապարակային հերթական նամակն եմ տարածում:
     Բայց միայն դա չէ, կայքի ստեղծման պատասխանատուն, գիտեմ, ԿՏԱԿ-ն է, որից որոշ գործառույթներ վերցվել ու տրվել են մասնավոր ընկերությանը, որի մասին ոչինչ չի ասվում, իսկ կայքի վերնագրերի տակ անհրաժեշտ տեղեկությունները պետք է տեղադրվեն նախարարության կողմից, որն էլ երևի մոռացել է դա անել, կամ էլ անփույթ կերպով տարբեր վերնագրերի տակ դնում են նույն ցանկը: Օրինակ՝ ուզում էի գտնել ավագ դպրոցների ցանկը ու սեղմում եմ «Միջնակարգ դպրոցին առնչվող նյութերն այստեղ» վերնագիրը: Սեղմում եմ «այստեղ», բերվում է երկու վերնագիր.
     ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
    
2016-2017 և ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ (2017թ. ապրիլի 14-ի դրությամբ),
     ու երկուսի մեջ էլ ոչ պետական ուսումնական հաստատությունների ցանկն է՝ տարբեր տեսքերով, երկուսն էլ տպել եմ ու ձեռքիս տակ են, իսկ այս պահին ինձ անհրաժեշտ է Երևանի ավագ դպրոցների ցանկը, որը գտնելուն չի օգնում «որոնում» պատուհանը։
     Չեն գործում «Որոնում», «Հետադարձ կապ: Նամակ ուղարկել ԿԳ նախարարությանը» պատուհանները:
     Ասացեք խնդրեմ, սա աշխատաո՞ճ է, մի՞թե նախարարն ու աշխատակիցները չեն օգտվում իրենց կայքից, հատկապես իրավական փաստաթղթերից, ամեն ինչ անգիր հիշո՞ւմ են, թե՞՝ ոնց պատահի:
    
     Անահիտ Բախշյան
    
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

3712 | 0
Facebook