Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Օրենքի փոփոխությունը լրագրողին լռեցնելու, պետական պաշտոնյային ապահովագրելու տարբերակ է». Նինա Կարապետյանց

16:05, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Օրենքի փոփոխությունը լրագրողին լռեցնելու, պետական պաշտոնյային ապահովագրելու տարբերակ է». Նինա Կարապետյանց

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որով որոշակի սահմանափակումներ են սահմանվել նաև լրագրողների համար: Փոփոխությունից հետո վերջինները պարտավոր են պաշտոնյայի մասին հանրային կարևորության անձնական տվյալներ հրապարակելուց առաջ համաձայնեցնել նրա հետ: Հակառակ դեպքում վարույթ կկիրառվի տվյալ լրագրողի նկատմամբ։
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը սակայն, վտանգ չի տեսնում այս առումով, և երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանով «պարզապես փորձում են ցույց տալ, որ Հայաստանում մտածում են անձնական տվյալների պաշտպանվածության մասին»:
     «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխությանը, չհամաձայնեց Իոաննիսյանի դիտարկումների հետ` տեսակետ հայտնելով, որ այդ փոփոխությունները տանում են ազատ խոսքի սահմանափակման: «Դա մարդու ազատ խոսքի հանրավորությունը սահմանափակելու նպատակով է արվում: Հատկապես, եթե խոսք է գնում մասնագիտական գործունեության վերաբերյալ` բացարձակ անընդունելի է»,- ասաց նա:
     Թե որ տվյալներն են համարվում հանրային կարևորության անձնական տվյալներ, որոնք պաշտպանության կարիք ունեն, իրավապաշտպանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, եթե մարդը հանրային է, դա նշանակում է, որ նա համաձայնվել է խաղի այն կանոնների հետ, որ իրեն վերաբերող ցանկացած ինֆորմացիա պետք է հասանելի լինի հանրությանը, իհարկե, չեմ ասում ինտիմ կյանքը, բայց գոնե հասանելի ինֆորմացիան: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում պաշտպանություն. եթե մեկը խոսեր նրանց անձնական կյանքի, սիրուհիների, երեխաների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն, ինձ համար դա անընդունելի կլիներ: Բայց եթե խոսքը գնում է նրանց գործունեության մասին, բիզնեսների, թաքնված եկամուտների, անօրինական գործարքների, անձնական աղբյուրներից ձեռք բերված ինֆորմացիային, ուրեմն ինձ համար դա չպիտի գաղտնի լինի և, բնականաբար, հասարակությունը պետք է իրազեկվի: Ստացվում է` ամբողջ աշխարհը գնում է դեպի բաց ինֆորմացիա, մենք գնում ենք գաղտնիության, դա պաշտպանվածության հետ որևէ կապ չունի»:
     Ճշտող հարցին, թե արդյոք դա լրագրողին լռեցնելու, պետական պաշտոնյային ապահովագրելո՞ւ տարբերակ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո միանշանակ: Սա հերթական անգամ ապահովագրում է մեր պաշտոնյաներին լրագրողական միջամտությունից: Վերջապես մենք իրավունք ունենք տեղեկություններ իմանալու, որը մեզ հասանելի չի դառնում: Լրագրողական հետաքննությունների արդյունքում ինչ-որ բաներ են պարզվում, ճիշտ է, դրանով էլ արդյունքի չենք հասնում, դրա վառ օրինակը ունենք (բարձրաստիճան պաշտոնյան, որն օֆշորների հետ կապված էր, որևէ պատասխանատվության չենթարկվեց ու չի էլ ենթարկվելու Հայաստանյան այս պայմաններում):
     Ն. Կարապետյանցին անհանգստացնում է հատկապես այն, երբ որ լրագրողը նյութ է հրապարակում հանցագործության մասին, իրավապահ որևէ մարմին դրան չի արձագանքում: «Լավագույն դեպքում, հատուկ քննչական մամիները կարող են քննության կանչել և փորձել ինչ-որ ճնշումներ գործադրելով իմանալ աղբյուրները: Նրանք, իհարկե, ունեն դրա իրավունքը, բայց եթե դու զգուշացնում ես, որ ամեն ինչ նյութի մեջ արդեն հրապարակված է, ավելացնելու ոչինչ չունես և այլն, բայց իրենք շարունակում են պնդել, նպատակը մեկն է` որպեսզի հաջորդ անգամ լրագրողը նույնատիպ բովանդակությամբ նյութ չհրապարակի»,- նկատեց իրավապաշտպանը` կրկնելով, որ օրենքի այս փոփոխությունն, իր տեսանկյունից, դիտվում է որպես ճնշման ձև:

7090 | 0
Facebook