Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է՝ Հանրապետականն է ամեն ինչ որոշում»․ Անահիտ Բախշյան

14:05, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է՝ Հանրապետականն է ամեն ինչ որոշում»․ Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը․
    
     Դպրոցի տնօրենի ընտրության կարգի աղաղակող խախտման փաստի մասին հերթական ահազանգն եմ ստացել, բայց այս անգամ ոչ թե թեկնածուից, այլ իմ սրտացավ գործընկերոջից՝ Երևանի թ. 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանից, ով ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցի տնօրենի վերջին ընտրության ապօրինի գործընթացի և այդ գործարքի մեջ կարևոր դերակատարում ունեցող գյուղապետ Արթուր Սուվարյանի մասին:
     Այսօր պատվիրված հերթական նամակն ուղղեցի ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին՝ գրելով.
     «Ի դեպ, պարոն Քարամյանը այս մասին գրել է նաև Ձեզ, ԿԳ նախարարին և կրթության պետական տեսչությանը, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Գիտե՞ք ինչն է դրդել իմ գործընկերոջը գրել այս նամակը՝ նախկին տնօրեն Արթուր Վարդանյանի նկատմամբ սիրտ ծակող, մարդու շունչը կտրող անարդարությունը, ով, ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը, վերադարձել է գյուղ և մանկավարժից հասել տնօրենի պատվավոր դիրքին: Իր օրոք, ինչպես գրել է իմ գործընկերը, աշխուժացել է դպրոցի կյանքը, գրանցվել են լուրջ հաջողություններ ուսման որակի բարձրացման ուղղությամբ, այս երկու դպրոցները տարիներ շարունակ համագործակցել են մանկավարժական փորձի փոխանակման առումով և փոխադարձ այցելություններով հարստացրել են միմյանց:
     Արթուր Վարդանյան տնօրենի և գյուղապետի ջրերը մի առվով չեն հոսել, որովհետև գյուղապետը, ով միանշանակ ունեցել է մարզպետի հովանավորությունը, որոշել է խառնվել դպրոցի ներքին գործերին՝ դասղեկների նշանակումից մինչև դասաբաշխում, որի իրավունքը չուներ ոչ մի օրենքով, ու աշակերտներին տրվող անվճար սննդի հետ կապված՝ անազնիվ գործարքների առաջարկներ, որոնք մերժվել են գործող տնօրենի կողմից: Արդյունքում գյուղապետը, պատկերացնո՞ւմ եք, գյուղապետը, որոշում է պատժել ու տնօրենի կառավարման ժամկետից հետո ամեն ինչ անել նրա վերընտրվելը թույլ չտալու համար, ու նրան դա հաջողվում է: Էստեղ կարելի է ուղղակի բղավել՝ «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ», որ գյուղապետն է միանձնյա ընտրում գյուղի դպրոցի տնօրենի թեկնածուին: Տնօրենի ընտրության ընթացակարգը, ըստ պարոն Քարամյանի ներկայացրած տեղեկությունների, ամբողջովին խախտվել է, թեկուզ հենց միայն այն փաստով, որ ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է գյուղապետը, ով հաստատ ԿԳՆ չէր կարող ներկայացնել այն պարզ պատճառով, որ ինքը նախարարության ներկայացուցիչը չէր կարող լինել, որովհետև գյուղապետն էր:
     Այս ամենը փաստում է ոլորտի ոչ սրտացավ ու ոչ պրոֆեսիոնալ կառավարման մասին՝ ԿԳՆ-ից սկսած, մարզպետով վերջացրած, խոսում է երկրում տիրող ծայրահեղ աստիճանի անօրինության մասին: Այն մասին, որ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին, կրթության պետական տեսչությանն ուղարկված անվանական գրված նամակով ներկայացված փաստերին նրանք չեն արձագանքել շատ պարզ պատճառով՝ նրանցից յուրաքանչյուրը ներքաշված է նման առնվազն մեկ պատմության մեջ, ու գյուղապետի ապօրինի գործունեության մասին որևէ մակարդակում բարձրաձայնելու դեպքում մեկը մյուսին կասի՝ բա դուք ո՞նց օրենքը խախտեցիք այսինչ գյուղի կամ քաղաքի այսինչ դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ: Ու կրթության ոլորտը բարեփոխելու, որակը բարձրացնելու ՀՀԿ կուսակցության նախագահի, ՀՀ վարչապետի ու կառավարության տարբեր պաշտոնյաների բերանից հնչեցրած ամպագորգոռ խոստումներին հակառակ՝ նման անգրագետ ու անազնիվ գործունեությամբ նրանցից յուրաքանչյուրն ավերում է ոչ միայն կրթության ոլորտը, այլև պետականության հիմքերը:
     Սա խնդրի մի կողմն է: Հիմա այն դիտարկենք մի այլ կողմից: Ա՛յ, եթե տնօրեն Արթուր Վարդանյանը գյուղապետից հրապարակայնորեն պահանջեր իր գործերին չխառնվել, ու նրա առաջարկած անազնիվ գործարքների մասին հայտներ որտեղ որ հարկն է, այսօր գուցե վիճակն այլ լիներ: Զարմանում եմ նաև աշակերտների ծնողների վարքագծի վրա. փաստորեն դպրոցի կառավարման խորհրդում ունենալով երկու ներկայացուցիչ, գյուղապետին հաճոյանալով՝ նրանք ստորադասում են իրենց երեխաների կրթության շահե՞րը, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրել նման գյուղապետ, և եթե իրենց երեխաները գոհ էին դպրոցի մթնոլորտից, կրթության կազմակերպման ընթացքից, ինչո՞ւ նրանք չընդվզեցին գյուղապետի դեմ, ով, միանշանակ, Գեղարքունիքի մարզպետի համաձայնությամբ գերազանցել է իր լիազորությունները:
     Տեսնես կգա՞ մի օր, երբ կվերացվի մարզպետների խանական տիրապետությունը դպրոցներում, ու բոլոր դպրոցները կանցնեն ԿԳ նախարարության ենթակայության տակ: Ասում եմ ու ինքս ինձ հակադարձում՝ ի՞նչ տարբերություն, ցանկացած օրենք շրջանցելով՝ հանրապետականն է ամեն ինչ որոշում, չնայած՝ ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է:
     Նամակիս կցում եմ նաև Երևանի թ.185 դպրոցի տնօրենի նամակը, որտեղ ներկայացված փաստերը պետք է ստուգել ու քննել այս գործի ընթացքը, որի վերաբերյալ ակնկալում եմ գրավոր պատասխան: Որպես Երևանի ավագանու անդամ՝ ունեմ այդ իրավունքը:

5894 | 0
Facebook