Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Կլիպ մեյքեր» բառը հորինել են դիլետանտները». Արամ Շահբազյան

13:30, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
««Կլիպ մեյքեր» բառը հորինել են դիլետանտները». Արամ Շահբազյան

Ռեժիսոր Արամ Շահբազյանը չափից դուրս խստապահանջ է, աշխատում է միայն պրոֆեսիոնալ մարդկանց հետ և հոգնել է խոսել հայ կինոյի ներկայիս վիճակից:
     Ամբողջ աշխարհում այսօր տարածված մի նախադասություն կա, որից նա խիստ նյարդայնանում է.
     «Ես ռեժիսոր եմ, ես սցենարիստ եմ, դերասան եմ, պրոդյուսեր եմ, պրոֆեսոր եմ, ոսկերիչ եմ, կոշկակար եմ….»: Ինչ մասնագիտություն ունեք հարցին` Արամ Շահբազյանն ունի միայն մեկ պատասխան. «Ես ռեժիսոր եմ»:
     Ռեժիսորը չի հասկանում, թե ինչ ասել է «կլիպ մեյքեր»:
     «Դա հնարովի բառ է: Այսինքն դա մարդ է, ով կարողանում է միայն տեսահոլովա՞կ նկարել: Մեր մասնագիտության մեջ այդ տարանջատումը չեմ ընդունում: Եթե աշխատում ես դերասանի հետ, դու ռեժիսո՞ր ես, եթե երգչի հետ` կլիպ մեյքե՞ր: Աբսուրդ է: Կլիպը վիզուալ ժանր է: Եվ վիզուալ արվեստին տիրապետող ռեժիսորը պետք է կարողանա տիրապետել դրան և ռեալիզացնել»,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը:
     Նա կարծում է, որ կլիպ մեյքեր բառն ամբողջ աշխարհում հորինել ու տարածել են դիլետանտները: «Այդ բառը հնարել են այն մարդկանց համար, ովքեր չունեն պրոֆեսիոնալ կրթություն, որպես ռեժիսոր չեն կայացել, ուղղակի փորձեր են արել իրենց ծանոթ երգիչ-երգչուհու համար տեսահոլովակ նկարելու: Այս ծառի տակ են նկարել, այն քարի մոտ են նկարել, հետո ծառն ու քարը խառնել են իրար, անունը դրել տեսահոլովակ: Մեզ մոտ դա հասնում է ծայրահեղության: Դրանք դիլետանտ մարդիկ են, դրամատուրգիայից ոչինչ չհասկացող»,- մտահոգվում է ռեժիսորը:
     Արամ Շահբազյանի կարծիքով` Հայաստանում կան տեսահոլովակ նկարող ռեժիսորներ, ովքեր օրիգինալ ու հետաքրքիր են աշխատում, բայց դրանք շատ քիչ են:
     «Կան մտածող երիտասարդներ, բայց հիմնականում դաշտը ողողված է դիլետանտներով: Վերջին տասը-տասնհինգ տարում եթերում խայտառակություններ ենք տեսնում»:
     Այսօր Հայաստանում նա արվեստի երկու ճյուղ է տեսնում ճակատագրով իրար շատ նման` երգարվեստը և կինոն:
     Ռեժիսորի համոզմամբ` երկուսում էլ չի կայացել պրոդյուսերական դպրոցը. «Հատկապես` երգարվեստում. այն մարդիկ, ովքեր իրենց հռչակում են այս կամ այն երգչի պրոդյուսեր, առանձնապես պրոդյուսինգով չեն զբաղվում: Ամբողջ աշխարհում պրոդյուսերը զբաղվում է փիարով: Մեզ մոտ շատ պատահաբար Վարդուշիկը իրենց թաղում հանդիպում է Գոքորիկին, և Գոքորիկն ասում է` «ես կնկարեմ քո տեսահոլովակը»,- ու այդպես նա դառնում է կլիպ մեյքեր»:
     Արամ Շահբազյանին հունից հանում է, երբ իրեն զանգահարում և հարցնում են. «Մի հատ գործ կա, ինչքանո՞վ կնկարես: Ի՞նչ է նշանակում՝ ինչքանով կնկարես: Ինձ համար հենց այդ վայրկյանից փակվում է խոսակցությունը: Բայց կան մարդիկ, ովքեր պատասխանում են այդ հարցին: Շատերի համար խնդիրն այն չէ, թե ինչ են նկարելու կամ ինչպես: Եվ առանց լսելու ինչ են նկարելու, ասում են՝ ինձ տվեք 5000 դոլար և կնկարեմ: Ծիծաղելի է»:
     Ռեժիսոր Արամ Շահբազյանը հազվադեպ է տեսահոլովակ նկարում, բայց ամեն ինչ անում է մտածված: Նա չի ընդունում, երբ երգիչն իր ունեցած զգեստները հավաքում, գալիս է նկարահանման հրապարակ: «Այդ կադրից հաստատ նասկիների հոտ է գալու»,- ասում է ռեժիսորը:
     «Շատերն ասում են՝ ո՞ւմ է պետք Եվրոտեսիլ երգի մրցույթը: Ես դա կարևորում եմ այնքանով, որ երգիչը հնարավորություն է ունենում դրսում ներկայանալու, պրոդյուսերների հետ համագործակցություն գտնելու, ուրիշ դաշտ հայտնաբերելու և ուրիշ շուկա մտնելու: Մեր երգիչները նման են տանը նստած աշխատող ռեժիսորներին, ովքեր ֆիլմ են նկարում, որն ընդամենը երկու անգամ ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Եթե մենք չունենք շուկա, պետք է ուրիշը գտնենք»,- համոզված է մեր զրուցակիցը:
     Արամ Շահբազյանը, չնայած, նշում է, որ անկարող է որևէ բան փոխել, բայց և չի համակերպվում ներկայիս անճաշակությանը: Նա միայն հույս ունի, որ մոտ ապագայում դուրս կգանք այս գավառական վիճակից:
    
     Անի Մնացականյան

5974 | 0
Facebook