Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանը վաղն ազատ կարձակվի

11:55, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Վոլոդյա Ավետիսյանը վաղն ազատ կարձակվի

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող անդամները, Վոլոդյա Ավետիսյանի հարազատները, բոլորս միասին վաղը գնալու ենք Վոլոդյային դիմավորելու»,- այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետևանքով պատժաչափը կրճատելու արդյունքում:
     «Ինչպես ասում են՝ ավելի լավ է աչքս տեսնի, քան հազար անգամ լսեմ: Մենք էնպիսի երկրում ենք ապրում, որտեղ ամեն օր կարող են որոշումներ փոխվել, մինչ այս պահը որևէ բան չի փոխվել և մենք վաղը՝ ժամը 11։00-ին լինելու ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց և դիմավորելու ենք Վոլոդյային: Նա վաղվանից կլինի ազատության մեջ»,-ասաց Սարուխանյանը:
     Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:

5263 | 0
Facebook