Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ

11:15, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ․
     «2017թ. մայիսի 23-ին՝ ժամը 17:00-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մելքոնյանի, պետք է կայանար Արմեն Լամբարյանի բողոքի քննությունը՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելիք վերացման մասին: Դատական նիստը չկայացավ, քանի որ չէր ապահովվել Ա. Լամբարյանի ներկայությունը: Դատավորը հայտնեց, որ նիստից 15 րոպե առաջ ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը դատարան գրություն է բերել և հայտնել, որ իրենք չեն կարող ապահովել Լամբարյանի ներկայությունը քանի որ նրա գործը մայիսի 15-ից գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Հայտարարում եմ՝
     1. ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը նիստից միայն 15 րոպե առաջ Լամբարյանի վերաբերյալ գրությունը դատարան բերելով չարաշահել է իր լիազորությունները, դիտավորությամբ խոչընդոտ է ստեղծել դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու առումով: Նա պարտավոր էր դատարան ներկայացված գրությունը առնվազն 2017թ. մայիսի 15-ին ներկայացներ, որը սակայն չի կատարել: Ի դեպ՝ Էդ. Հակոբյանը նիստին ներկա չէր:
     2. Նիստը նախագահող դատավորը թեև առերևույթ նիստից 15 րոպե առաջ էր տեղեկացել Լամբարյանի դատարան ներկայացնելու անհնարինության մասին, սակայն պարտավոր էր առնվազն 2017թ. մայիսի 16-ից տեղյակ լինել, որ Լամբարյանի գործը գտնվում է այլ մարմնի վարույթում: Այս հանրահայտ փաստը տարածվել է և՛ պաշտոնական հաղորդագրություններով, և՛ լրատվության միջոցներով: Ինչպես նախորդ նիստի երկար ժամկետով հետաձգման, այնպես էլ այս անգամ անորոշ ժամկետով հետաձգման փաստով ակնհայտ է, որ դատարանը ևս կոպտորեն խախտում է դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու իր պարտականությունը, իսկ Արմեն Լամբարյանի նիստին ներկայությունն ապահովելու առումով ցուցաբերել է անգործություն և անտարբերություն:
     3. Նիստի օրը՝ մայիսի 23-ին առավոտյան ցանկանում էի Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել Ա. Լամբարյանին և նրա հետ նախապատրաստվել դատական նիստին: Ժամը 10:00-ի սահմաններում ՔԿՀ-ում բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով ես չկարողացա նրա հետ հանդիպել և առանձնազրույց ունենալ: Հաշվի առնելով հետագա իրադարձությունները, գտնում եմ, որ ՔԿՀ-ում իմ և Ա. Լամբարյանի այսօրվա տեսակցության փաստացի արգելքը նախապես պլանավորված էր և հանդիսանում է փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտ: Թեև առանձնապես ակնկալիք չունեմ, սակայն ենթադրում եմ, որ ՀՀ դատախազությունը, Արդարադատության խորհուրդը, Արդարադատության նախարարությունը ուշադրություն կդարձնեն սույն հայտարարությանը»:
4805 | 0
Facebook