Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձում են ցույց տալ, թե Հայաստանում մտածում են անձնական տվյալների պաշտպանության մասին». Դանիել Իոաննիսյանն՝ օրենքի փոփոխությունների մասին

16:40, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Փորձում են ցույց տալ, թե Հայաստանում մտածում են անձնական տվյալների պաշտպանության մասին». Դանիել Իոաննիսյանն՝ օրենքի փոփոխությունների մասին

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից հանվել է առաջին հոդվածի երրորդ կետը, որով լրագրողների և գրական ու գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա չէին տարածվում օրենքի սահմանափակումները: Ի՞նչ է արդյոք այս փոփոխությունը ենթադրում։
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օրենքում կատարված փոփոխություններին, ասաց, որ մտահոգվելու պատճառ չկա, քանզի այն իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու մասին էլ կարծիք հայտնեց, որ չի կարող նման բան լինել, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է, որ լրագրողն իրավունք ունի տեղեկություններ փնտրելու և տարածելու. «Երկրորդ՝ եթե նույնիսկ դեպքեր էլ լինեն, գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պաշտոնյային առնչվող անձնական տեղեկությունների մի ծավալուն մաս հրապարակվում է լրագրողի կողմից և դա օրենքով է հրապարակվում, օրենքը չի արգելում: Լրագրողը որպես հանրությանն իրազեկող գերակա մնայուն շահ՝ կարող է տեղեկություներ փնտրել, հավաքել, հրապարակել, և եթե դրանք չեն պարունակում ընտանեկան, անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններ, ապա լրագրողի համար որևիցե խնդիր չի կարող լինել… Լրագրողը չի կարող մտնել, տեսնել, թե պետական պաշտոնյան, ենթադրենք, ում հետ է քնում»,- ասաց Իոաննիսյանը:
     Իսկ թե, ըստ ՀԿ-ի նախագահի, ինչու որոշեցին նման փոփոխությունների գնալ, արդյոք սրանով չե՞ն փորձում պաշտոնյաներին ապահովագրել, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ իրենք ավելի շատ փորձում են ցույց տալ, որ Հայաստանում անձնական տվյալներն են հարգվում կամ ինչ-ինչ անհեթեթություններ. ինչու անհեթեթություններ, որովհետև իրականում Հայաստանում անձնական տվյալների գաղտնիությունը չի հարգվում: Պարզվեց, որ քաղաքացիների անձնական տվյալները ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի կերպով փոխանցում է Ռուսաստանի համապատասխան մարմիններին, քաղաքացիների մասին իրավապահներն են հավաքում և պահում ապօրինի տեղեկություններ, այնպես որ, իրենք փորձում են ցույց տալ, թե Հայաստանում մտածում են անձնական տվյալների պաշտպանության մասին, որովհետև դա իրենց պարտավորությունների մեջ է մտնում, բայց դա անում են շատ անհաջող կերպով»:
     Նշենք, որ երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես անդրադարձել էր այս խնդրին` մտահոգություն հայտնելով, որ լրատվամիջոցների հավաքած հանրային կարևորության անձնական տվյալների հրապարակումն այսուհետ կարող է հետապնդվել օրենքով։

3512 | 1
Facebook