Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը

15:35, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը

Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Գնահատող հանձնախմբի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը։
     Հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։
     43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։
     Նշենք, որ մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
     Մրցույթի առաջին փուլը (1-ին, 2-րդ օր) կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին. ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները, երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին, 10-ին: Կմասնակցի 20 երաժիշտ: Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում, որի ընթացքում էլ կորոշվեն հաղթողները:
     Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանելու են մրցույթի գործընկերները:
     Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
     Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
     Այն երաժշտական նշանակալի իրադարձություն է, որն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։ Հեղինակավոր այս մրցույթի ժյուրիի անդամներ են հանրահայտ երաժիշտներ և երաժշտական մենեջերներ:

5270 | 0
Facebook