Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Գրիգորյանը նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական

22:17, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Արսեն Գրիգորյանը նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Նա կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
     «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս ասաց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
     Տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ հայ ազգային մշակույթին իր ավանդը բերած գործիչն այսուհետ իր առաքելությունը կիրականացնի նաև ի պաշտոնե:
     «Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, և շատ շնորհակալ եմ վստահության համար: Կարծում եմ, որ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասաց նորանշանակ խորհրդականը:
     Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ., Սիրիայի Ղամիշլի քաղաքում:
     1987-ին տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:
     1988-93 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողություն բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում:
     1998թ. ավարտել է ասպիրանտուրան:
     1988-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում:
     2004-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչների խումբը, «ՄՐՐՈ» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում ու արտասահմանում: 2013-ին հիմնել է «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը: Թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահոլովակներ, արժանացել մրցանակների, պարգևատրվել մեդալներով:
     2008-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

3919 | 0
Facebook