Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսկական կոմպոզիտորը ոչ թե նա է, ով կարողանում է գրել, այլ նա, ով չի կարողանում». Տիգրան Մանսուրյան

17:35, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Իսկական կոմպոզիտորը ոչ թե նա է, ով կարողանում է գրել, այլ նա, ով չի կարողանում». Տիգրան Մանսուրյան

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվել էր Երևանի պատմության թանգարանում, որտեղ ներկաներին պատմեց իր կյանքից որոշ դրվագներ:
     Մաեստրոն հիշեց իր և Մարտիրոս Սարյանի ծանոթությունն ու նշեց, որ շատ նուրբ հումոր ուներ նկարիչը:
     Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ Կոնսերվատորիա ընդունվեց 1960 թվականին, երբ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը դարձավ Կոնսերվատորիայի ռեկտոր:
     «Ես ընդունվեցի նրա դասարանը: Քանի որ շատ զբաղված էր, հաճախ ինձ տուն էր կանչում, որ այնտեղ պարապենք: Մտերմացա նրա ընտանիքի հետ, այդպես առիթ ունեցա հաճախ շփվելու նաև Մարտիրոս Սարյանի հետ: Մի օր ծրարով լուսանկարներ բերեցին նրան, բացեց, տեսանք՝ Մոսկվայում իր ցուցահանդեսի բացման օրվա լուսանկարներն են: Այնքան հայտնի մարդիկ էին մասնակցել: Նա երկար նայեց լուսանկարներին, ասաց՝ ինչ վտանգավոր բան է լուսանկարը. բոլորը գիտեն, որ այս պահին ես նրանց հետ էի»,- պատմեց մաեստրոն:
     Հարցին՝ թե որ թանգարանին կվստահեիք ձեր նամակները, Մանսուրյանը պատասխանեց.
     «Ժամանակին նամակները, անձնական արխիվը պահպանելու բոլոր հարցերով կինս էր զբաղվում: Ես արդեն 12 տարի է՝ կորցրել եմ նրան, ու հավատացեք, ոչ մի անգամ չեմ փորձել փորփրել նրա դասավորած թղթերը, դարակները, որ գոնե տեսնեմ, թե այդ նամակներն ու մնացած բաները որտեղ են: Չեմ կարողանում: Անցյալն ինձ համար անցած է, ես երբեք ետ չեմ նայում՝ միշտ առաջ, մինչև այս օրն էլ ինձ միշտ ապագան է գրավում»,- անկեղծացավ նա:
     Անդրադառնալով երաժշտության բնագավառում իրեն ամենից շատ հուզող խնդրին՝ Մանսուրյանը նշեց, որ իրեն ցավ է պատճառում, որ մեր քաղաքում այսօր չկա նոտաների խանութ:

«Իսկական կոմպոզիտորը ոչ թե նա է, ով կարողանում է գրել, այլ նա, ով չի կարողանում». Տիգրան Մանսուրյան
«Իսկական կոմպոզիտորը ոչ թե նա է, ով կարողանում է գրել, այլ նա, ով չի կարողանում». Տիգրան Մանսուրյան

     Մաեստրոն պատմեց նաև իր կարիքավոր մանկության ու ընտանիքով ապրած ծանր օրերի մասին: Խոստովանեց, որ որքան էլ դա իր համար ցավալի է, ինքը յոթնամյա կրթություն ունի, իրեն այդպես էլ չհաջողվեց ստանալ դպրոցական տասնամյա կրթություն:
     Երբ երաժշտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ է եղել գնալ Գյումրի ու բերել յոթնամյա կրթության ատեստատն, ընտանիքը ճանապարհածախսի համար գումար չի ունեցել: Այդ ժամանակ ինքը վաճառքի է հանել իր նոտաները, իրեն է մոտեցել մի մարդ, հետաքրքրվել, թե ով է, ինչու է նոտաները վաճառում: Պարզվել է, որ այդ մարդը ժամանակի հայտնի երաժշտագետ կոմպոզիտորներից է, ով այդ հանդիպումից հետո մեծ դեր է խաղացել Տիգրան Մանսուրյանի կայացման հարցում:
     «Մի անգամ դասախոսներիցս մեկն ասաց՝ իսկական կոմպոզիտորը ոչ թե նա է, ով կարողանում է գրել, այլ նա, ով չի կարողանում: Ես այս խոսքն ամբողջ կյանքիս սկզբունքն եմ դարձրել»:

3810 | 1
Facebook