Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես էլ ձեզ նման ուսանող եմ եղել»․ «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան Երևանում հանդիպեց ապագա բժիշկներին

15:30, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես էլ ձեզ նման ուսանող եմ եղել»․ «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան Երևանում հանդիպեց ապագա բժիշկներին

«Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700․000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:
     «Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից», - ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան: «Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:
     Երևանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
     «Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան:«Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»,- ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
     Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին:
     Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:
     2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն եւ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

3454 | 0
Facebook