Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օրերը տաքանալուն զուգընթաց պետք է հիշել սննդային հիգիենայի պահպանման մասին

20:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Օրերը տաքանալուն զուգընթաց պետք է հիշել սննդային հիգիենայի պահպանման մասին

Օրերը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում: Սակայն, այն երբեմն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, որն էլ կխափանի հանգիստը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հիշեցնում է, որ նման իրավիճակներից խուսափելու համար պետք է հետևելով մի քանի պարզ կանոնների.
     1. Շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով:
     2. Մի՛ գնեք անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:
     3. Խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար:
     4. Խմելու համար օգտագործե՛ք շշալցված ջուր:
     5. Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործեք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):
     6. Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով:
     7. Խորովածի համար օգտագործե՛ք պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ:
     8. Խորովածը պատրաստե՛ք անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործեք համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով:
     9. Պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվացե՛ք սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվացեք խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով: Մի՛ օգտվեք ջրի պատահական աղբուրներից:

4478 | 0
Facebook