Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

21:10, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք-կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:
     Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը, իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ:

Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը
Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

     «Օտարազգի, բայց ոչ օտար, հայեցի ու ինչու չէ՝ նաև հայ». ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցներն այսպես էին բնութագրում մեր ճարտարապետական գոհարները չափագրած, ուսումնասիրած ու համաշխարհային հանրությանը ներկայացրած գիտնականներին:
     «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով` միջոցառումը ևս մեկ հնարավորություն է օտարազգի ճարտարապետներին, ուսումնասիրողներին, գիտնականներին մեր երախտագիտությունը հայտնելու՝ հայկական մշակույթը դեռ տարիներ առաջ հանրահռչակելու համար։
     «Մենք շնորհակալ ենք Տոկարսկուն, Յակոբսոնին, Նովելոյին, Կունեոյին և մյուսներին, որոնք մեր պետության, մեր ժողովրդի համար ամենադժվար պահին կարողացել են կատարել «հետախույզի» աշխատանք, այցելել մեր կորուսյալ հայրենիքի տարածք և ուսումնասիրել ու, ինչ որ առումով, նաև բացահայտել մեր պատմական ժառանգությունը, այն, ինչը մեզ երկար ժամանակ չի հաջողվել», - ասաց Արա Թարվերդյանը:
     ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, յուրաքանչյուր ժողովուրդ, մենք՝ առավել ևս, ունենք մեր մշակութային ժառանգության յուրօրինակ տեղը համաշխարհային մշակույթի զարգացման ճանապարհին և պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ արդեն կատարված աշխատանքը հանրահռչակելու համար.
     «Այստեղ ներկայացված պատմամշակութային ժառանգությունը վկայում է, որ ճարտարապետությունը միայն քար տաշել և քարը քարին դնել չի նշանակում, պետք է հոգի դնել դրա մեջ, երկրպագել ու հավատալ, որ այդ հավատը մի օր վերադարձնելու է այն հայրենիքը, որը ժամանակավոր կորուսյալ ենք համարում»։
     «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական բաժին
Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը
Զվարթնոցում բացվեց «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

4315 | 0
Facebook