Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Ինչի՞ն է միտված Սարի թաղի տրանսպորտի խառնաշփոթ վիճակը. ի՞նչ կապ ունի Գալուստ Սահակյանը

17:00, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Ինչի՞ն է միտված Սարի թաղի տրանսպորտի խառնաշփոթ վիճակը. ի՞նչ կապ ունի Գալուստ Սահակյանը

Սարի թաղի տրանսպորտային ոլորտում խիստ քաոսային իրավիճակ է ստեղծվել, որն առաջացել է այն օրից, երբ 9 համարի ավտոբուսի կողքին ավելացավ նոր` 13 համարի ավտոբուսային երթուղին: Բնականաբար, տեղացի վարորդներին, որոնք վարում են 9 համարի ավտուբուսները, դուր չէր գալու նորի հայտնությունը, քանի որ վերջիններն աշխատում են նորմալ ռեժիմով, ճիշտ ժամանակին, երթուղին ավելի երկար է ձգվում` Սարի թաղից մինչև Քանաքեռ (Սարի թաղ-«Տաշիր»` Երվանդ Քոչար-Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա-Բաղրամյան-Կոմիտաս-Քանաքեռ):
     Ինչևէ` նման ուրախություն սարիթաղցիները վաղուց չէին ապրել, երբ հանկարծ, տարիների պայքարից հետո, վերջապես որոշվեց լուծել թաղի գլխավոր խնդիրներից մեկը:
     Հիշեցնենք, որ այս ավտոբուսներն ավելացան ԱԺ ընտրություններից առաջ, ինչին տեղաբնակներն ի սկզբանե խիստ կասկածանքով էին վերաբերվում` կատակելով, որ ամենայն հավանականությամբ, ընտրությունների հետ է կապված, որից հետո իրենք դարձյալ կմնան «կոտրած տաշտակի» հույսին: Այդ օրերին նույնիսկ MAMUL.am-ի թղթակիցը խնդրին առնչվող հարցեր ուղղեց քաղաքապետարան` ցանկանալով հստակեցնել, թե որքանով են հավաստի նման խոսակցությունները` ժամանակավո՞ր է սպասարկում 13 համարի ավտոբուսը, թե՞ մշտապես: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը դեռ մի բան էլ նեղացավ, թե ինչու ենք մենք` լրագրողներս, տեղի ունեցող ամեն «լավ բան» կապում ընտրությունների հետ: Նա վստահեցրեց, որ նոր համարի ավտոբուսը մշտական է լինելու և դրանում ոչ ոք չպիտի կասկածի:
     Այսօր արդեն այլ զարգացումների ենք ականատես լինում. անհասկանալի պատճառներով, վերոնշյալ երթուղին, որն անցնում էր Երվանդ Քոչարով` հատում Ալեք Մանուկյանը և դուրս գալիս Սայաթ-Նովա, փոխել է իր երթուղին: Իջնելով Սարի թաղից` այն «մուտք է գործում» Տիգրան Մեծ պողոտա, և առանց կանգառ անելու` շարունակում ճանապարհը, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտով դուրս գալիս Նար-Դոս, հետո` Չարենց, ապա` Սայաթ-Նովա` բացահայտորեն շրջանցելով Ալեք Մանուկյան փողոց: Նկատենք որ, ինչպես վերևում նշեցինք, վարորդները հրաժարվում են կանգառ անել Տիգրան Մեծ-ից մինչև «Տաշիր» գոյություն ունեցող երկու օրինական կանգառներում` պատճառաբանելով, որ իրավունք չունեն, «ոնց ասել են, այնպես էլ անում ենք»:
     Մեր թղթակցի հարցին, թե ինչումն է խնդիրը, որ այսպես հոգնեցուցիչ երթուղի է ընտրել քաղաքապետարանը, վարորդներից մեկը խորհուրդ տվեց` «իրենց հարցնել»: Հաջորդ հարցին, թե ինչու որոշեցին այլևս Ալեք Մանուկյան չմտնել` պատասխանեցին, որ որոշում կայացնողները քաղաքապետարանում են նստած, իսկ ավելի ստույգ` պատճառը հետևյալն է` 57 համարի ավտոբուսն սպասարկող «գծի տիրոջը» ձեռք չի տալիս մեկ այլ երթուղու (տվյալ դեպքում` 13 համարի ավտոբուսի), նույն փողոցով` Ալեք Մանուկյանով, ընթանալը: Նշենք, որ 57 համարի գծի տերն, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն է:
     Տրանսպորտային ոլորտում ստեղծված անկառավարելի, անվերահսկելի իրավիճակն ամենից շատ վրդովվեցրել է տեղաբնակներին, որոնց հիասթափությունն իշխանությունների հանդեպ է՛լ ավելի է խորանում ամեն ընտրությունից հետո:
     MAMUL.am-ի թղթակիցը խնդրի հետ կապված պարզաբանում է խնդրել նաև Երևանի քաղաքապետարանից, որը ստանալուն պես կհրապարակենք:

3183 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am