Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ»․ ՀՀ նախագահ

11:45, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ»․ ՀՀ նախագահ
     «Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ»,- ԱԺ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքում ասաց ՀՀ նախագահը։
     «Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։
     Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։
     Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:
     Քսան տարվա վաղեմության այս առաջարկի ջատագովները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։
     Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։
     Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։
     Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:
     Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասավոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։
     Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից»,- ասաց նախագահը։
1165 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am