Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալների համատեքստում աշխարհի ամենահարուստ անձինք շուրջ 35 միլիարդ դոլար են կորցրել

11:10, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալների համատեքստում աշխարհի ամենահարուստ անձինք շուրջ 35 միլիարդ դոլար են կորցրել

Աշխարհի 500 ամենահարուստ անձանց կարողությունը կրճատվել է մոտ 35 մլրդ դոլարով, ինչը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ ծագած սկանդալների համատեքստում ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ֆոնդային շուկաներում անկման հետևանք է:

Ըստ Bloomberg գործակալության՝ Բիլ Գեյթսը կորցրել է մոտ 1 մլրդ դոլար, Ջեֆ Բեզոսը՝ 1.7 մլրդ, իսկ Մարկ Ցուկերբերգը՝ 2 մլրդ:

Բիլ Գեյթսի հիմնած ընկերության՝ Microsoft-ի արժեթղթերի գինը նվազել է 2%-ով: Ջեֆ Բեզոսին պատկանող Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 2.2%-ով, իսկ Ցուկերբերգի հիմնած ու ղեկավարած Facebook ընկերության արժեթղթերն արժեզրկվել են 3.3%-ով:

Հավելենք, որ այժմ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մոտավորապես 4.9 տրլն դոլար է:

Հայտնի է, որ ֆոնդային բորսաների անկումը պայմանավորված է այն մտավախություններով, որ Վաշինգթոնում ծագած քաղաքական սկանդալները կարող են բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության վրա: Խոսելով սկանդալի մասին՝ աղբյուրը հիշեցնում է The Washington Post-ի հոդվածն, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի տեղեկություն է փոխանցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին:

Բացի այդ, Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին, որից ավելի վաղ պահանջել էր դադարեցնել իր նախկին օգնական Մայքլ Ֆլինի դեմ սկսված հետաքննությունը:

Այս սկանդալներից հետո ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփի նախագահությունը կարող է ժամանակից շուտ ավարտվել: Չի բացառվում նաև Կոնգրեսի կողմից նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու հավանականությունը:

12870 | 0
Facebook