Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Ինչու է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել Մարդու իրավունքների հանձնաժողովը․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

17:35, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Ինչու է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել Մարդու իրավունքների հանձնաժողովը․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Այսօր պարզ դարձավ, որ գալիք 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Հանձնաժողովի փակման լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի համար կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվել: Բնականաբար փոփոխությունները բացասական են:
    
     Ժամանակները տարբեր են
    
    
Հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորություններին համապատասխան 2008 թվականին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում է մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, երեխայի իրավունքներ, հասարակական միավորումներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր և այլն:
     Հանձնաժողովի ստեղծման տարին՝ 2008թ., Հայաստանի համար կարևոր պահ էր․ Եվրամիության կողմից ստեղծվում էր Արևելյան գործընկերությունը, Հայաստանը սերտացնում էր կապերը արևմուտքի հետ՝ պատրաստակամություն հայտնելով որոշակի բարեփոխումներ կատարել երկրի ներսում ի նպաստ մարդու իրավունքների և ժողովրդավարության: Սակայն, այս միտումները կարճ կյանք ունեցան և ընդամենը հինգ տարի անց՝ 2013-ին, Հայաստանը շուռ եկավ դեպի Մաքսային միություն և ապա նաև Եվրասիական տնտեսական միություն: Այսօր՝ այդ միությանը միանալուց ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանը հստակ քայլերով նմանվում է միության մյուս՝ առավել ավտորիտար անդամներին, կրկին բացասական իմաստով:
    
     ԵԱՏՄ մյուս երկրներ
    
    
Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներ ԵԱՏՄ մյուս երկրներում գոյություն չունեն: Ռուսաստանում, օրինակ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը կարող է դիմել Պետդումային՝ առաջարկելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, սակայն նմանօրինակ մշտական կառույց ռուսական խորհրդարանում գոյություն չունի: Ավելին, գործող հանձնակատար Տատյանա Մոսկալենկոն 2016թ. այս պաշտոնը ստանձնելիս շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ պատրաստվում է իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային հարաբերություններին վերաբերող խնդիրների և արտասահմանում ՌԴ քաղաքացիների իրավունքների վրա: Նա հայտարարել էր, որ պատրաստվում է պայքարել «արևմուտքի կողմից մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու» դեմ:
     Իսկ ահա Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ընդհանրապես չեն ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, իսկ Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս Կրեմլին վերապահումներով մոտենալ դրանց:
     Հարց է ծագում․ ինչո՞ւ է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել այս հանձնաժողովը: Բնականաբար, ոչ ՀՀ քաղաքացիների իրավունքների բարելավման համար: Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի լուծարումը Հայաստանում, վստահաբար, ևս մեկ քայլ է դեպի ավտոկրատ, ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ: Այս որոշումը վերջին շրջանում Հայաստանում ԵԱՏՄ անդամակցության ֆոնին ժողովրդավարական անկման ընդհանուր գործընթացի մաս է:
    
     Օրինաչափ է
    
    
Հիշեցնենք, որ թե «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և թե «Ֆրիդոմ Հաուս» միջազգային հետազոտական կազմակերպությունները այս տարի ժողովրդավարական հետընթաց են արձանագրել Հայաստանում: Տարեցտարի Հայաստանում ավելի շատ խաղաղ ցուցարար է ձերբակալվում, ավելի է վատթարանում մամուլի ազատությունը և անկում է ապրում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը:
     Այդ ֆոնին ամբողջությամբ օրինաչափ է դիտվում Մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի փակումը: Մարդու իրավունքները տարեցտարի ավելի քիչ հարգող պետության Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովն էլ է «ավելորդ»:
    
     Աննա Փամբուխչյան
    
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

1367 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am