Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօր խանութ ես մտնում, դռան վրա գրված է՝ OPEN, եթե գրես՝ ԲԱՑ Է, չե՞ն հասկանա». Լավրենտի Միրզոյան

15:05, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Այսօր խանութ ես մտնում, դռան վրա գրված է՝ OPEN, եթե գրես՝ ԲԱՑ Է, չե՞ն հասկանա». Լավրենտի Միրզոյան

«Այսօր պետք է շատ սրտացավորեն մտածել լեզվի պահպանության մասին, որովհետև արևմուտքի մարտահրավերները շատ են և մեծ մտահոգությունների տեղիք են տալիս»,- անդրադառնալով լեզվի պետական տեսչության լուծարման մասին որոշմանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:
     Թեմայի շուրջ կարծիքները տարբեր են ու հակասական. մի մասը գտնում է, որ լեզվի տեսչությունը պետք է լուծարվի, մի մասն էլ` կտրականապես դեմ է` հաշվի առնելով հայապահպանության խնդիրը:
     «Ես հակված եմ երկրորդ կարծիքին. նախ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում, որ ՀՀ-ում գործող 17 տեսչական մարմիններն ուզում է միավորել մեկ տեսչության մեջ, դա բավական խնայողությունների հետ կապված կլինի, նաև կխթանի միջին գործարարության զարգացմանը: Բայց պետք է ոʹչ բոլոր տեսչություններին նույն չափորոշիչները տալ»,- համոզված է մեր զրուցակիցը:
     Լավրենտի Միրզոյանի խոսքով` լեզվի տեսչության ոլորտները շատ են և այն հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկում է: «Ամենակարևորը` հայապահպանության խնդիր է իրականացնում, պատասխանատվություն է կրում սփյուռքում մայրենի վիճակի պահպանման համար»:
     Անդրադառնալով այն խնդրին, որ լեզվի տեսչությունը վերջին տարիներին ոչինչ չի անում, պարոն Միրզոյանը նկատեց, որ տեսչությունն այնքան է նեղացրել լծակները, որ չունի ոչ մի լծակ, որով կարողանա գործել: «2004 թվականին, երբ ես էի ղեկավարում լեզվի տեսչությունը, այդ լծակները կային, դրա հետ միասին կար լեզվի մասին օրենք: 2002 թվականից, չգիտես ում կամքով, լեզվի տեսչությունը մտցվեց ԿԳ նախարարության աշխատակազմ` որպես առանձնացված ստորաբաժանում: Ստեղծված անհարմարությունների համար ես բազմիցս նամակով դիմել եմ ՀՀ նախագահին ու վարչապետին՝ խնդրելով, որ լեզվի պետական տեսչության գործառույթներն ընդլայնվեն»,- պատմեց լեզվի տեսչության նախկին ղեկավարը:
     Նրա խոսքով, երբ լեզվի տեսչությունը մտցվեց ԿԳ նախարարության աշխատակազմ, աշխատակազմը կիսով չափ կրճատվեց: «100 աշխատողից դարձավ ընդամենը 16 աշխատող»:
     Լավրենտի Միրզոյանն անկեղծացավ. «Գուցե կառավարությունն էլ է նկատում, որ լեզվի տեսչությունը վերջին տարիներին եղած-չեղած մի հաշիվ է: Եթե իրենց վերացնում են, լուծարում, դրանից ոչինչ չի փոխվում: Բայց հարցը համակողմանիորեն պետք է քննարկվի: Եթե այսօր լեզվի տեսչությունը ոչինչ չի անում, դա դեռ չի նշանակում, որ լեզվի տեսչությունը գործառույթներ չունի»:
     Նա հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին պետական ծրագրով էր աշխատում, սակայն 2005-ին ժամկետը լրացավ և մինչ օրս մենք չունենք լեզվական քաղաքականության պետական ծրագիր:
     «Վերացավ «Ոչ հայախոսներին» ծրագիրը: Լեզվի մասին օրենքում սկսեցին փոփոխություններ կատարել, օտարալեզու դպրոցներ բացել: Այսօր ի՞նչ է կատարվում. մեր պետական լեզուն երկրորդ պլան է մղվել, առաջին պլանում հայտնվել է անգլերենը: Ինչո՞ւ ընդունելության քննության հարցաշարերը փորձաքննություն չեն անցնում լեզվի պետական տեսչությունում: Lեզվի տեսչությունը միայն ցուցանակ բռնող չի, այն այսօր լուրջ խնդիրներ ունի»,- մտահոգություն հայտնեց նա:
     Լեզվաբանը նաև նշեց, որ այսօր լեզվի տեսչությունը տեղանունների անվանափոխությունների հետ կապված լուրջ անելիքներ ունի:
     «Ցավոք, այսօր լեզվի տեսչությունը միայն նայում է, տեսնի` այս ցուցանակը հայերեն չէ, ակտ-արձանագրություն է կազմում, ուղարկում Վերաքննիչ դատարան: Բայց օրենքն այնպիսին է, որ տուգանքները չեն վերանում: Փաստաթղթում գրված է, որ եռօրյա ժամկետում տնտեսվարող մարմնի ղեկավարը պետք է վերացնի խախտումը: Խախտում անողը հանում է ցուցանակը, պահում է իր խանութում, երեք օրը լրանալուց հետո նորից հանում է, տեղադրում: Երևանի կոնյակի գործարանը երեք անգամ տուգանվել է, բայց մինչև այսօր իր համբավանիշը, որը գրված է անգլերեն տառերով, օգտագործում է որպես գովազդային վահանակ: Օրենքում չկա նման կետ, որ չորրորդ անգամ խախտում անելու դեպքում ինչ պետք է անի, և այդպես կախված մնացել է: Այսօր խանութ ես մտնում, դռան վրա գրված է՝ OPEN, եթե գրես` ԲԱՑ Է, չե՞ն հասկանա»,- նշում է լեզվաբանը:
     Խնդիրներ շատ կան: Լավրենտի Միրզոյանին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ այսօր բուհերում ատենախոսությունները ռուսերեն են պաշտպանում: «Ընդունելության քննության ժամանակ անգլերենից ընդամենը 2 հոգի ստանում է ցածր գնահատական, իսկ մայրենի լեզվից 472 հոգի` անբավարար: Եկեք բուհ, տեսեք բուհերում ինչ է կատարվում, երեխան տառ չի ճանաչում, բայց բուհ է ընդունվել»,- մտահոգվում է նա:
     Լավրենտի Միրզոյանի համոզմամբ` եթե լեզվի տեսչությունում խնդիր կա, ոչ թե պետք է լուծարել, այլ խնդրին լուծում գտնել. «Մենք` լեզվի մասնագետներս, խնդրեցինք նորանշանակ վարչապետին լեզվաբաններին ընդունի, լսի, քննարկենք այս հարցը, բայց, ցավոք, ոչ մեկը ոʹչ հրավիրվել է, ոʹչ էլ հարցը քննարկվել է»,- ասաց մեր զրուցակիցն, ում համոզմամբ` յուրաքանչյուր մարմին պետք է իմանա իր անելիքները:
     «Եթե դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, ունեցել ենք հայ ընտանիք, որին պահողը եղել է լեզուն և հավատքը, հիմա եկել ենք 21-րդ դարում որոշել ենք լեզվի տեսչությունը լուծարել, բայց պետք է այնքան բարձր գիտակցականության հասած լինենք, որ իմանայինք մեզ լեզվի տեսչություն պետք է, թե` ոչ: Մենք ծնված օրից պետք է գիտակցենք, որ մեր մայրենի լեզուն հայերենն է»,- նշեց պարոն Միրզոյանը: Նրա պնդմամբ` փոքր պետությունների լեզուները վտանգված են, ուստի լեզվի տեսչությունն այսօր անհրաժեշտություն է, որ հայ լեզվին երկար կյանք պարգևենք:
     «Եթե ազգովի չգիտակցնեք, ուրեմն դատապարտված ենք կործանման, կարող ենք վստահ լինել, որ 50-60 տարի հետո լեզու չենք ունենա: Այսօրվանից պետք է մտահոգվենք, եթե այսօր լեզվի տեսչությունն են լուծարում, վաղն էլ հայկական հանրակրթական դպրոցները կվերացնեն»,- ամփոփեց նա:

Անի Մնացականյան

7304 | 2
Facebook