
«Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է ներդնողների ակումբների 30 անդամներից մեկը և համագործակցությունը նրա հետ, իմ կարծիքով, շարունակվելու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով «Ռոբսոն» մականունով հայազգի գործարարի ձերբակալությանն, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
Հարցին, թե Հայաստանի անունը փաստորեն կապվում է հանցագործ աշխարհի հետ, որը պատրաստ է աջակցել վարչապետին, արդյոք ի՞նչ փողեր է նա ներդնելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում, կեղտոտ փողե՞ր են մուտք գործելու Հայաստան, փոխնախարարն ասաց, որ իրենք, իհարկե, կարևորում են, որ դրանք լինեն բիզնեսով ստացված գումարներ: «Ինձ թվում է, որ մեկ ձերբակալման դեպքը, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, չի կարող մարդու գործունեության վրա ստվեր նետել, պետք է սպասել: Այսօրվա դրությամբ ամեն դեպք էլ պատահում է բոլորի հետ, ես հույս ունեմ, որ այս դեպքն էլ իր լուծումը կստանա: Քանի դեռ դատարանի որոշում չի եղել, ինձ թվում է այդ հարցին հիմա պետք չէ անդրադառնալ: Կարող եմ ասել, որ կառավարությունն այս հարցում խնդիրներ չի տեսնում»:
Հարցին, թե ուսումնասիրե՞լ են`ո վքեր են մյուս 29 ներդրողները, ստուգվե՞լ է նրանց կենսագրությունը, արդյոք նրանք և՞ս կապ ունեն քրեական աշխարհի հետ, ասաց, որ չեն ուսումնասիրել:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Չեխիայում մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է ՝ օրենքով գողերի հերթական հավաքի ժամանակ: Թաթուլյանը, որը հովանավորել է այդ միջոցառումը, Չեխիա էր ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով: Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: