Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Թույլ չենք տալու, որ նոր տնօրենը մտնի դպրոց»․ թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժները շարունակում են բոյկոտը

15:40, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Թույլ չենք տալու, որ նոր տնօրենը մտնի դպրոց»․ թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժները շարունակում են բոյկոտը

Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժ Բարսիկ Խուլբարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցի անձնակազմը բոյկոտում է նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանի դեմ: Խուլբարյանի խոսքով՝ իրենք որևէ բան չունեն Վերգինե Եսայանի դեմ, միայն պահանջում են, որ տնօրենն ընտրվի օրենքով, ոչ թե նշանակվի միանձնյա որոշմամբ: Ուսուցչական կազմը հայտարարում է, որ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անօրինական հրաման է արձակել, ինչի արդյունքում նոր տնօրեն է նշանակվել։ «Նախկին տնօրենն՝ Ամալյա Հարությունյանը, թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից ու մնացել է ժամանակավոր պաշտոնակատար, և, ըստ օրենքի, պետք է հայտարարվեր մրցույթ՝ հաշվի առնելով նաև կոլեկտիվի խորհրդի կազմի տեսակետը, սակայն նախարարը դա չի հաշվի առել ու նոր տնօրեն է նշանակել։ Երեկ էլ չենք թողել, եթե այսօր էլ գա, ապա այսօր էլ թույլ չենք տալու մուտք գործել դպրոց: Մենք կարծում ենք, որ ԿԳՆ-ն անօրինական որոշում է կայացրել: Պետք է նորից դպրոցի տնօրենների ընտրություններ նշանակեն և ինչպես կարգն է՝ ընտրություններ անցկացվեն: Մենք դիմել ենք վարչական դատարան, գործը հիմա դատարանի վարույթում է»,- ասաց Խուլբարյանը։
     Նրա խոսքով՝ իրենց բողոքի պատճառով դպրոցում դասապրոցեսը չի դադարեցվել. «Երեխաներն այդ ամենից չեն տուժում»:
     Դպրոցի տնօրենի նշանակման վերաբերյալ նախարարությունը հայտարարություն է տարածել․
     «Հիմք ընդունելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» 18.1 կետի պահանջները` խորհրդի քարտուղարը ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ՝ նախկին տնօրենի դուստրը) և Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը»,–ասվում է հայտարարությունում:
     Նշենք, որ դպրոցի նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ ՀՅԴ-ական խորհրդական, նախկին պատգամավոր Բագրատ Եսայանի կինն է:

3216 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am