Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դոնալդ Թրամփը գերգաղտնի տվյալներ է փոխանցել Լավրովին». Washington Post

11:35, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Դոնալդ Թրամփը գերգաղտնի տվյալներ է փոխանցել Լավրովին». Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին գերգաղտնի տվյալներ է փոխանցել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին: Այս մասին հայտնում է Washington Post-ը` վկայակոչելով ամերիկյան կառավարակական աղբյուրները:

Փոխանցված տեղեկատվության մասին մանրամասներ լրատվականը չի հայտնում: Թրամփին այդ տվյալները ներկայացրել է Միացյալ Նահանգների գործընկերը` հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագրի շրջանակներում: Գործընկերն ԱՄՆ նախագահին արգելել է այդ տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձի: Լրատվականն ընդգծում է, որ տեղեկատվության տարածումը սահմանափակվել է անգամ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
     Լրատվականի զրուցակիցը նշել է, որ այդ տվյալների բացահայտումն սպառնալիքի տակ է դնում համագործակցությունն այն գործընկերների հետ, ում հասանելի է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ներքին խոհանոցը: «Բացի այդ, Թրամփի և Լավրովի հանդիպումից հետո Սպիտակ տան բարձրաստիճան մի քանի պաշտոնյա քայլեր են ձեռնարկել գաղտնի տվյալների հրապարակումից հետո վնասակար հետևանքների կանխարգելման համար և մի քանի զանգ են կատարել Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալություն»,- հավելել է զրուցակիցը:

Նրա խոսքով` Ռուսաստանի դեսպանին Թրամփն ավելի շատ տեղեկատվություն է տրամադրում, քան ԱՄՆ դաշնակիցներին:
     Մեկնաբանելով Washington Post-ի հրապարակումն` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը չի անդրադարձել ռազմական գործողությունների իրականացման մեթոդաբանությանն ու չի քննարկել հետախուզական աղբյուրները: Սպիտակ տան` արտաքին հարցերով խորհրդականի տեղակալ Դին Փաուելը հայտարարել է, որ լրատվականի հոդվածը կեղծիք է: Կողմերը քննարկել են միայն «ընդհանուր սպառնալիքները, որոնց հետ բախվում են երկու երկրները»: Այս մասին փոխանցում է CNN-ը:
     Հրապարակումից հետո Դեմոկրատական կուսակցության առանցքային որոշ ներկայացուցիչներ, Reuters-ի փոխանցմամբ, քննադատել են Թրամփին: «Դա վտանգավոր է և անտրամաբանական»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ սենատում երկրորդ դեմոկրատ Ռիչարդ Դուրբինը:
     Մեկ այլ դեմակրատ սենատոր` Մարկ Ուորները, նշել է, որ սա ապտակ է հետախուզությանը:
     ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակն Интерфакс-ի հետ զրույցում հրաժարվել է որևէ մեկնաբանություն կատարել այս հրապարակման շուրջ:

9124 | 1
Facebook