Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը

23:10, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը

Լրագրողական 8 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպքերի կապակցությամբ:

«Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առևտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)», - փաստել են կազմակերպությունները՝ արձանագրելով նաև քարոզարշավի ընթացքում ճնշումների փաստերը «Aravot.am»-ի թղթակից Նելլի Գրիգորյանի և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ։

«Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը նույնպիսի իրադարձություններից հետո իրավապահ մարմինները իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն», - փաստել են կազմակերպությունները՝ ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

«Այս միջադեպերին վերաբերող իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին», - ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի և մի շարք այլ կազմակերպությունների համատեղ հայտարարությունում:

1654 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am