Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե սայլը վատն է և անընդհատ ճռռում է, պետք է փոխել սայլը, ոչ թե սայլապանին». Նարինե Դիլբարյանը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը

15:05, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
«Եթե սայլը վատն է և անընդհատ ճռռում է, պետք է փոխել սայլը, ոչ թե սայլապանին». Նարինե Դիլբարյանը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը

Մինչև տարեվերջ Կառավարության որոշմամբ Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի: Ոլորտի մասնագետների գնահատմամբ` սա անհեթեթ ու սխալ որոշում է։
     MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանն, ով ևս դեմ է այդ որոշմանը:
     «Ովքեր են դրա հեղինակները՝ պարզ չէ, և չեմ ուզում հավատալ խարդավանքների կամ դավադրությունների տեսությանը` մտածելով, որ դա հատուկ է արվում: Կարծում եմ՝ այս պարագայում գերիշխող է դարձել ֆինանսների տնտեսման անհեթեթ երևույթը, որն առկա է մեր կառավարության որոշ անդամների շրջանում, ովքեր ամեն ինչ գնահատում են ֆինանսական և տնտեսական նկատառումով: Հետևաբար հաշվարկել են, որ, քանի որ մեր բյուջեում քիչ գումար կա, հարկային մարմինը չի կարողանում բավարար չափով հարկեր հավաքել, քանզի բոլորը գիտեն, որ մենք ունենք հարկային անհասկանալի արտոնություններով օժտված օլիգարխներ և ոլորտներ, որտեղից գումարները հավաքվում են չնչին չափով, նրանք անցել են տնտեսվարման այս մեթոդին և գտել են ամենաթույլ օղակը»,- պարզաբանում է լեզվաբանը: Նրա համոզմամբ` մեր իշխանության համակարգում ամենաթույլ պաշտպանվածը լեզուն է.
     «Ուստի լեզվի պետական տեսչությունը համարելով թույլ օղակ՝ գտել են, որ դրա հաշվին կարող են տնտեսել մի քանի հարյուր միլիոն, որը չնչին գումար է: Այսինքն` վերարկուն թողած՝ կոճակի ետևից ընկնելը տնտեսվարման մեջ շատ փակուղային և անհեթեթ մոտեցում է»,- կարծում է Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով` երբ մեր անկախ պետականության կազմավորման ժամանակաշրջանում ստեղծվեց լեզվի պետական տեսչությունը, և ընդունվեց լեզվի մասին օրենքը, մենք սահմանադրորեն ամրագրեցինք հայոց լեզուն իբրև մեր պետական լեզու, տվեցինք նրան կարգավիճակ և ստեղծվեց մարմին, որն ստեղծման առաջին պահին շատ գործուն էր: «Նրա հիմքում ընկած էր ազգային պետականության գաղափարաբանությունը, և նրանք, ովքեր չէին հետևում մայրենին ճշգրիտ գործածելու սկբունքներին, ոչ միայն դաժան քննադատվում էին, այլև` ենթարկվում էին որոշակի պատժամիջոցների: Սակայն աստիճանաբար մեր մեջ սկսեց բարձրանալ օտարամոլությունը: Դրան զուգընթաց նվացեզին ու նվազագույնի հասցվեցին լեզվի տեսչության իրավունքները»,- նշեց մեր զրուցակիցը:
     Լեզվաբանի գնահատմամբ` այն տուգանքները, որոնք նախատեսված են լեզվի մասին օրենքը խախտողների համար` չնչին են: Նարինե Դիլբարյանն այն կարծիքին է, որ լեզվի տեսչության ղեկավարներն ու աշխատակազմը աստիճանաբար դարձան անտարբեր:
     «Նրանք հակվեցին այն մտքին, որ իրենք էլ հերթական կառույցն են և որքան լուռ նստեն, այնքան` լավ: Վերջին շրջանում լեզվի տեսչությունը բացարձակ գործ չի անում: Երբ նրանց դիմում ես, անմիջապես ասում են, որ լիազորություններ չունեն, բայց դրա համար ինքդ պետք է պայքարես, նախաձեռնություններ ցուցաբերես»,- համոզված է նա:
     Նարինե Դիլբարյանի գնահատմամբ` տեղի ունեցավ երկկողմանի լուռ համաձայնության, լեզվի տեսչության` աստիճանաբար սպանման գործընթացը: «Իսկ սպանելուց հետո վերջին գործընթացն էլ հուղարկավորելն է: Խիստ կործանարար որոշում է, կարծում եմ՝ խնդիրը ոչ թե ներկայիս վատ կանոնադրության մեջ է, այլ այն մոտեցման, որ մենք ցույց ենք տալիս մայրենի լեզվի հանդեպ»:
     Մեր զրուցակիցը հիշեց մի հայտնի ճշմարտություն. «Եթե ձեր սայլը վատն է և անընդհատ ճռռում է, սայլն է պետք փոխել, ոչ թե սայլապանին: Այսինքն, ոչ թե կառույցն են լուծարում, այլ փոխում են կառույցի ղեկավարին և աշխատակազմին: Իսկ ղեկավարին նշանակում են, նա հենց այնպես չի գալիս: Ինձ թվում է` իշխանությանը ձեռնտու էր նման ղեկավար ունենալը, որոնք նախաձեռնող չեն, համակերպվող ու լուռ են»:
     Նարինե Դիլբարյանն այն համոզմանն է, որ և՛ մեր Ազգային ժողովի, և՛ կառավարության՝ հայերենի հանդեպ հարգանքը բավական ցածր մակարդակի վրա է: «Մենք կարող ենք այնպիսի ժարգոնային «գոհարներ» լսել, որոնք ահավոր են: Նկատել եմ, որ հեռուստատեսային եթերների ժամանակ այդ «մարգարիտները» չեն խմբագրվում և սփռվում են աջ ու ձախ: Իսկ դա ունի շատ վտանգավոր ազդեցություն, որովհետև երիտասարդությունը դա լսում և վերարտադրում է: Կարծում եմ` լեզվի հանդեպ նախանձախնդիր վերաբերմունքը պետք է սկսել կառավարությունից և Ազգային ժողովից»,- նշեց նա:
     Ամփոփելով զրույցը` Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ այս հարցում ուզում է լավատես լինել ու հավատալ, որ մեր կառավարությունը ոչ միայն ետ կկանգնի այդ որոշումից, այլ նաև կվերանայի վերաբերմունքը` լեզվի պետական տեսչության կանոնադրության և աշխատակազմի հանդեպ:

6696 | 1
Facebook