Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բարոյական ի՞նչ իրավունքով ես քո ազգային մշակույթը տալիս վարձակալության դրսի ընկերությանը». բնապահպանն ահազանգում է

13:05, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
«Բարոյական ի՞նչ իրավունքով ես քո ազգային մշակույթը տալիս վարձակալության դրսի ընկերությանը». բնապահպանն ահազանգում է

Բնապահպան Գալուստ Նանյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրներն ու հաճախ ահազանգում` դրանց լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով:
     Վերջերս նա անդրադարձել էր Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի վերաբերյալ խնդրին: Այս հարցով նա դիմել էր Մշակույթի նախարարին` հիշեցնելով, որ հուշարձանների օտարումն օրենքով արգելվում է:
     Փորձեցինք պարզել՝ նրա բարձրացրած խնդիրներն արձագանք ստանո՞ւմ են, թե՞ ոչ։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանը նշեց, որ թեև հարցերն անպատասխան չեն մնում, բայց դրանք սահմանափակվում են նամակների ու գրառումների տեսքով: «Հրավերներ ևս լինում են, բայց ոչ պաշտոնական, այլ որևէ աշխատակցի կողմից՝ ֆեյսբուքյան էջով՝ ըստ որի 3 ժամ հետո հանդիպում է նշանակված, ընդորում այն ժամանակ, երբ քաղաքում չեմ լինում և այդ հանդիպումներին չեմ կարողանում մասնակցել»:
     Գալուստ Նանյանը նշեց, որ այսօր իրեն առավել մտահոգում է հուշարձանները մասնավորին հանձնելու խնդիրը․ «Երբ նախարար Ամիրյանը հայտարարում է, թե կան խմբեր, որոնք զբոսաշրջիկներին տանում են քարանձավներ, գումար են աշխատում, ես հարց եմ բարձրացնում պետության առջև՝ իսկ ինչո՞ւ պետությունը` Մշակույթի նախարարությունը կամ զբոսաշրջության վարչությունը չեն զբաղվում դրանով, ինչո՞ւ նույն պետությունը փառատոններ է կազմակերպում՝ դոլմայի փառատոն, գինու փառատոն, կոնյակի ու հազար ում մի փառատոն... թող գումար ծախսի, հուշարձանները մի քիչ կարգի բերի, թող այդ գումարը պետությունն աշխատի, ոչ թե տա մասնավորին»,- պարզաբանեց բնապահպանը:

Գալուստ Նանյան
Գալուստ Նանյան

     Գալուստ Նանյանի խոսքով` բազում հուշարձաններ տվել ենք մասնավորին, բայց մեխանիզմներ չկան մշակված, որ եթե մասնավորն այլ գործողություն անի, ինչ պատիժ է հասնելու նրան:
     «Երբ Արենիի քարանձավում հայտնաբերվեց 5000 տարվա պատմություն ունեցող աշխարհի առաջին կոշիկը, և այդ քարանձավի 90%-ը դեռևս ուսումնասիրված չէ, ու դու դա տալիս ես մասնավորին` չունենալով մեխանիզմներ, թե նա ինչպես կշահագործի, ո՞ւր մնաց պետական մտածելակերպն այս դեպքում»,- նշեց մեր զրուցակիցը:
     ««Մագելանի», «Մոզրովի» և «Թռչունների» քարանձավներում ապրում են 3000 տեսակի չղջիկներ, որոնք միայն այս տարածքում են լինում, այդ տարածքը տալ մասնավորին՝ աբսուրդ է... Երբ նախարարին մի առիթով հարցրեցին՝ կա՞ն վարձակալությամբ տրվող մրցույթին մասնակցելու դիմողներ, պատասխանեց. «Չկան, բայց հույս ունենք, որ արտասահմանյան ընկերությունները դրսից կդիմեն»: Հարց է առաջանում՝ բարոյական ի՞նչ իրավունքով ես դու քո ազգային մշակույթը տալիս վարձակալության դրսի ընկերությանը: Այսինքն` քո մշակույթը տալիս ես դրսին կառավարելու: Դրանով դու ինքնըստինքյան վերջ ես դնում ազգայինի պահպանմանն ու նպաստում ավիրման քաղաքականությանը»,- մտահոգություն հայտնեց բնապահպանը:
     Գալուստ Նանյանի համոզմամբ` երկրի այցեքարտը մշակույթն է և բնությունը: «Եթե այդ երկու այցեքարտն ամուր պահենք մեր ձեռքում, թեʹ տնտեսապես, թեʹ ֆինանսապես շատ օգուտներ կարող ենք ունենալ: Եթե այդ 2 այցեքարտերը մեր ձեռքից բաց թողնենք, երկիրը կգնա կործանման»,- ամփոփեց նա:

4834 | 0
Facebook