Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՄՆ-ն ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար». ամերիկյան առաքելության հայտարարությունը

11:35, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
«ԱՄՆ-ն ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար». ամերիկյան առաքելության հայտարարությունը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասվում է.
     «Միացյալ Նահանգները ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի օգնում էր հյուրընկալող երկրներին ամրապնդել հանձնառությունը ԵԱՀԿ սկզբունքներին և կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորություններին՝ հնարավորություն տալով երկխոսություն ստեղծել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև:

Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների գործադրած ջանքերը, որոնք ուղղված էին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Սակայն ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը՝ պահանջելով, որ գրասենյակը վերջ տա ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:

Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երևանյան գրասենյակը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ հարկային և կարգավոիչ բարեփոխումներ, աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարություն և մեդիայի ազատություն: Այս բնագավառներում գրասենյակի կատարած աշխատանքը դրական արդյունք է ապահովել:

Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Մենք դիմում ենք ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:

Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ էր, հրաշալի աշխատանք կատարելու ու նվիրումի համար»:

6912 | 0
Facebook