«Ինչպե՞ս կարող է բիզնեսմենին պատկանող հեռուստաընկերությունն ազատ լինել». հարցազրույց Արթուր Ազարյանի հետ
Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Որքանով է ազատ հայ մամուլն ու ինչ խնդիրներ կան այս դաշտում. MAMUL.am-ի թղթակիցն այս հարցերի շուրջ զրուցել է «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս Արթուր Ազարյանի հետ: Նրա դիտարկմամբ` ազատության առումով ներկայիս լրագրողները տրտնջալու խնդիր պետք է որ չունենան: «Դաշտն ազատ է, խնդիրն ավելի խորամուղ լինելու, պրոֆեսիոնալ մակարդակի նյութ անելու մեջ է: Մակերեսային, խայծող, կարճ ժամանակում լսարան հավաքող նյութերը լուրջ չեն, խոսք չունեն»,- կարծում է Արթուր Ազարյանը: «Եթե նայենք միջազգային պրակտիկային, այն, ինչ մեզ մոտ հրապարակվում է, հիմնականում մերժելի է, և այնտեղ դա դեղին մամուլի բաժին է համարվում: Մեզ մոտ խնդիրը լուրջ, խորագիտակ մամուլի բացակայությունն է: Լրագրողի վարկանիշը պայմանավորված է հրապարակվելիք նյութերի խորությամբ, խորագիտակությամբ: Եթե դիմացինը գիտի, որ դու նյութին տիրապետում ես, գիտես ու պակերացնում ես դաշտը, քեզ չսիրելով հանդերձ լուրջ կվերաբերվի»,- համոզված է մեր զրուցակիցն, ում խոսքով` մեզ մոտ դա բացակայում է: Արթուր Ազարյանին առավել մտահոգում է, որ մեզ մոտ այսօր բովանդակությամբ դատարկ նյութերի առատություն կա. «Խնդիրն իմանալ, ոլորտն ուսումնասիրել, մենաշնորհի և կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարել գրչի միջոցով` դա բացակայում է: Ով ինչ ասաց մյուսին, որը շատ անէական է...»: Թեև մեր զրուցակցի կարծիքով` մամուլում լրագրողներն ազատության առումով տրտնջալու տեղ չունեն, բայց նույնը չի կարելի ասել մեդիա դաշտի մասին: «Մադիան մեզ մոտ սահմանափակումներ ունի: Եթե «Երկիր մեդիա»-ն պատկանում է Դաշնակցությանը, եթե «Կենտրոն»-ը սպասարկում է «Բարգավաճ Հայաստան»-ին կամ Գագիկ Ծառուկյանի շահերը, ենթադրաբար, չի կարող ազատ լինել, այդտեղ կորպորատիվ շահեր և հետաքրքրություններ կան, հետևաբար` սահմանափակումներ»,- մեզ հետ զրույցում նշեց հրապարակախոսը: |