Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է». այսօր ջազի միջազգային օրն է

18:05, կիրակի, 30 ապրիլի, 2017 թ.
«Ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է». այսօր ջազի միջազգային օրն է

2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, որով ապրիլի 30-ը դարձել է Ջազի միջազգային օր: «Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:
     Ջազը ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում։ 1920-ական թվականներն անվանում էին ջազային դարաշրջան:
     Ջազ երաժշտության բնորոշ գծերից են իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ինքնատիպ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան և արևմտաեվրոպական 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։
     Այսօր երաժշտության այս տեսակը զարգացած է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Տարիների ընթացքում ի հայտ են եկել ջազային նոր ժանրեր, ստեղծվել են նոր ոճեր՝ բլյուզ, ջազ-ռոք և այլն:
     Այս ժանրի համաշխարհային ամենահայտնի կատարողներից են Լուի Արմսթրոնգը, Նինա Սիմոնեն, Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիջերալդը, Էմի Ուայնհաուսը և այլք:

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ Հայկական ջազի հայտնի ներկայացուցիչներն են Մարտին Վարդազարյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Արտո Թունջբոյաջյանը և ուրիշներ:

3787 | 1
Facebook