Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վերջին 13 տարվա ընթացքում մամուլի ազատությունը ողջ մոլորակում ամենացածր մակարդակի վրա է». Freedom House

15:55, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Վերջին 13 տարվա ընթացքում մամուլի ազատությունը ողջ մոլորակում ամենացածր մակարդակի վրա է». Freedom House

Միացյալ Նահանգների և աշխարհի ամենահին իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Freеdom House-ն, աշխարհում մամուլի ազատության մասին հերթական զեկույցն է ներկայացրել:

32 էջանոց փաստաթղթում ներառված է ողջ 2016թ. և ընթացիկ տարվա առաջին ամիսը` ոչ այնքան մխիթարական եզրահանգմամբ. վերջին 13 տարվա ընթացքում մամուլի ազատությունը ողջ մոլորակում ամենացածր մակարդակի վրա է:

Freеdom House-ի զեկույցի համաձայն` Երկրի բնակչության ընդամենը 13%-ն այսօր հնարավորություն ունի օգտվել ազատ մամուլից, «գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ԶԼՄ-ները քաղաքական նորությունները լուսաբանում են լիարժեքորեն, երաշխավորված է լրագրողների անվտանգությունն, իշխանությունների միջամտությունը ԶԼՄ-ների գործերին հասցված է նվազագույնին, իսկ մամուլը չի ենթարկվում իրավական կամ տնտեսական ճնշման»:

Երկրի բնակչության 42%-ի համար մամուլն ազատ է մասնակիորեն, իսկ 45%-ն ապրում է երկրներում, որտեղ մամուլի ազատություն գոյություն չունի:

Ադրբեջանից մինչև Էրիթրեա

Fredom House-ը վերլուծություն է արել 199 երկրում ու տարածքային միավորումներում և եզրահանգել, որ մամուլի ազատության տեսանկյունից ամենասոսկալի իրավիճակը տիրում է Ադրբեջանում, Իրանում, Ղրիմում, Կուբայում, Հս. Կորեայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում և Էրիթրեայում:

Մամուլի ազատության մակարդակը կազմակերպությունը գնահատել է 100-բալանոց համակարգով: 2016-ին այդ ցուցանիշն ավմենաշատը` 6 բալով, նվազել է Լեհաստանում, Թուրքիայում նվազել է 5, Բուրունդիում` 5, Հունգարիայում, Բոլիվիայում, Սերբիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում` 4-ական բալով:

Մամուլի վրա ազդեցությունն այլ երկրներում

Զեկույցի հեղինակների պնդմամբ` Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները, սեփական ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, սկսել են ավելի ակտիվորեն ներգործել այլ երկրների ԶԼՄ-ների վրա` խոչընդոտելով օտարերկրա լրագրողների աշխատանքը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Վենեսուելային և Եթովպիային, ապա այս պետությունների իշխանությունները քաղաքական ու սոցիալական հուզումները կիրառում են իբրև մամուլի վրա ճնշումների ավելացման պատրվակ:

Freеdom House-ը և Ռուսաստանը

Իրավապաշտպան կազմակերպության գնահատականներով` Ռուսաստանի իշխանությունները գրեթե լիակատար վերահսկողության տակ են պահում երկրի մամուլը:

Կազմակերպության համոզմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական քարոզչության առաջամարտիկն է դարձել: Կրեմլին ենթակա լրատվամիջոցները Ռուսաստանի պաշտոնական տեսակետը հեռարձակում են ողջ աշխարհում, հատկապես հարևան պետություններում, որտեղ ռուսալեզու բնակչություն կա: Զեկույցի հեղինակներն այս հարցում որոշիչ են համարում Rissia Today-ի և Sputnik-ի դերակատարումը:

Freedom House-ի ուշադրությունից չի վրիպել այն, որ սկսած 2016-ի մայիսից փոփոխվել է Ռուսաստանի քիչ թե շատ անկախ համարվող լրատվամիջոցներից մեկի` РБК-ի ղեկավարությունը: Դա տեղի է ունեցել «պանամական փաստաթղթերի» և Պուտինի մերձավորների օֆշորների մասին հրապարակումներից հետո:

Զեկույցում Ռուսաստանի մամուլին տրվում է «անազատ» կարգավիճակը: 199 երկրների ու միավորումների շարքում այս երկիրը 174-րդն է:

Մամուլի ազատության տեսանկյունից նախկին ԽՍՀՄ պետություններից Ռուսաստանից առաջ են Հայաստանը` 137-րդ հորիզոնական, Մոլդովան` 111-րդ, Վրաստանը` 102-րդ, Լատվիան` 44-րդ, Լիտվան` 26-րդ և Էստոնիան` 13-րդ:

Թրամփն ու մամուլը

Զեկույցի հեղինակները քննադատել են նաև այն պետությունները, որտեղ մամուլի ազատությունը, թվում է, թե օրինաչափ է: Խոսքը վերաբերում է, օրինակ, Ավստրալիային և Միացյալ Նահանգներին:

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Ավստրալիայի իշխանություններն «ագրեսիվորեն հետաքննում են» ԶԼՄ-ներում տեղեկատվության արտահոսքը: Նշվում է նաև, որ ԶԼՄ-ների վրա ճնշումներ է գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Թրամփը, նախագահի թեկնածու եղած ժամանակ, քամահրանքով է արտահայտվել մամուլի մասին ու նախագահ դառնալուց հետո էլ շարունակում է հավատարիմ մնալ իր ոճին: Թրամփը չի ընդունում, որ ԶԼՄ-ների գործառույթներից մեկն էլ իշխանություններին ստիպելն է՝ պատասխան տալ իրենց խոսքերի համար»,- ասվում է զեկույցում:

4534 | 0
Facebook