Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հյուսիսային Կորեայի հետ խոշոր հակամարտության հավանականությունը մեծ է». Թրամփ

10:50, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Հյուսիսային Կորեայի հետ խոշոր հակամարտության հավանականությունը մեծ է». Թրամփ
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ խոսել է միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկի` Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակի մասին:

Ըստ ԱՄՆ 45-րդ նախագահի` Փհենյանի հետ խոշոր հակամարտության հավանականությունը մեծ է, չնայած՝ ինքը կնախընտրեր այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Մեծ է հավանականությունը, որ մենք, ի վերջո, խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ կունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է,- ասել է Թրամփը` հավելելով,- մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»:

Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շատ երիտասարդ տարիքում է կանգնել իշխանության ղեկին, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ նա խելամիտ որոշումներ կընդունի:
     Թրամփի վարչակազմը վստահ է, որ հյուսիսկորեական ճգնաժամի լուծման հարցում մեծ է Չինաստանի դերակատարումը: Նշենք, որ այդ երկիրը Փհենյանի ու Վաշինգթոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ նախազգուշացնելով գործ չունենալ իրենց հետ: Պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն` մոխրի վերածելով այդ երկիրը:

8698 | 2
Facebook