Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մալաթիայում, «Գում»-ում, ըստ սոցկայքերի նաև «Քարֆուր»-ում ադրբեջանական խնձորը դրված է: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը». Բաբկեն Պիպոյան

16:45, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Մալաթիայում, «Գում»-ում, ըստ սոցկայքերի նաև «Քարֆուր»-ում ադրբեջանական խնձորը դրված է: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը». Բաբկեն Պիպոյան

«Ամսի 25-ին, երբ Սննդի անվտանգության պետական ծառայությունն ասում էր՝ հանգիստ եղեք, մենք իրացման ցանցն էլ ենք հետևում, ադրբեջանական մթերքի մասին առաջինն ահազանգում է քաղաքացին: Եթե դուք եղել եք շուկաներում, ինչպե՞ս է ստացվում, որ խնձորի մասին խոսում է քաղաքացին, ինչպե՞ս է եղել, որ մտել եք խանութ և չեք տեսել այն, իսկ մարդիկ գնացել, գտել են: Երբ ահազանգեցին՝ եկեք, հասեք, այդ ինչպե՞ս է, որ ահազանգի հետքերով լրագրողները գնացին, հասան, իսկ պատկան մարմին ՍԱՊԾ-ն՝ այդպես էլ ոչ: Ասում են, որ շուկաները ստուգել են, եթե այսօր ամենախոշոր շուկաներում՝ Մալաթիայում, «Գում»-ում, ըստ սոցցանցերի նաև «Քարֆուր»-ում խնձորը դրված է: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը: Ես չգիտեմ` իրենք որ խանութներն են ստուգել, բայց լուսանկարներից տպավորություն է, որ մի խանութում են եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական ծագման խնձորի խնդրին, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց, որ ահազանգից հետո ՍԱՊԾ-ն առնվազն պետք է դատախազություն դիմեր, սակայն դա չի արել, ինչը նշանակում է, որ անգործության է մատնված: «Սոցիալական ցանցերում երեկ սկսեցին մի քանի վիդեո հրապարակել, թե տեսեք՝ ամբողջ խնձորը ոչնչացնում ենք. կտրտեցին, թե տեսեք, տեսեք: Լավ, եթե նույնիսկ մի քանի արկղ խնձոր ոչնչացրեցիք, ի վերջո, քանի՞ տոննա է եղել, քանի՞ տոննա եք կասեցրել: Կամ հիմա, որ տնտեսվարողը վրայի մակնշումը պոկում, ասում է հունական է, ինչո՞ւ չեք ասում՝ այդ հունականի սերտիֆիկատը տուր` տեսնեմ: Էն, որ իրենք ասում են, թե քիչ են հայտնաբերել, դա նշանակում է, որ աշխատելու ձևը չգիտեն»,- ասաց Պիպոյանն՝ ընդգծելով, որ իր համար տարբերություն չկա` խնձորը հունակա՞ն է, արբեջանակա՞ն, թե՞ թուրքական: «Եթե չի ստուգվելու ապրանքը, ինձ համար, անվտանգության տեսանկյունից, նույն է: Այս խնձորն Ադրբեջանի տնտեսվարողի կողմից աճեցվում է որպես փամփուշտ և ուղղվում է հայ սպառողի դեմ: Ա´յ պետական աշխատող, սա փամփուշտ է հայ զինվորի դեմ ուղղված»,- վրդովվեց նա:
     Վերջինի խոսքով` խոսվում է թուրքական գյուղմթերքի անվտանգության մասին, սակայն կողք-կողքի դրված են թուրքական վարունգ, նուռ, լոլիկ. «Երեկ պարզվել է, որ նաև ցոգոլ է դրված, ինչո՞ւ մի նմուշ չեք վերցրել փորձաքննության համար: Սա նշանակում է մի բան, որ կառույցը չի ապահովում սննդի անվտանգությունը, կառույցն աշխատում է բացառապես մեկ բանի համար՝ թոզ փչելու մեր աչքերին, թե իրենք աշխատանք են կատարում»:

4479 | 5
Facebook